Հայաստանում զորակոչիկների մոտ 70 տոկոսը անցնում է հատուկ բժշկական փորձաքննություն, որը թույլ է տալիս բացահայտել առողջական խնդիրներ ունեցող այն երիտասարդներին, որոնք պիտանի չեն զինվորական ծառայության համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության ղեկավար Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով, զորակոչիկների համար նախատեսված բժշկական փորձաքննությունը բաղկացած է երեք մասից՝ նախ զինվորական կոմիսարիատին կից հանձնաժողովը հայտնաբերում է այն երիտասարդներին, որոնց մոտ գուցե առողջական խնդիրներ կան ու նրանց ուղարկում հետագա հետազոտությունների։ Երիտասարդները այդ հետազոտությունները անցնում են երկրի բուժկենտրոններում, որից հետո ստացված արդյունքներով ներկայանում են զինվորական ու քաղաքացիական բժիշկներից կազմված կենտրոնական հանձնաժողով (այսպես կոչված «գենկոմիսիա») որն էլ հենց որոշում է, նրանք պիտանի են ծառայության համար, թե ոչ։ Այս ամենի միջով անցնում է երիտասարդների մոտ 70 տոկոսը՝ բոլոր նրանք, ում մոտ կասկածում են թեկուզ փոքր խնդիրներ, ու դեպքերի մեծ մասում հետազոտությունների ընթացքում լուրջ հիվանդություն, որը կխանգարեր ծառայությանը, չի հայտնաբերվում։

Ոչ այնքան վաղուց, նկատեց մասնագետը, բժիշկների հանձնաժողովում ընդգրկվել են նաեւ սրտաբաններ, որպեսզի ժամանակին զորակոչիկների մոտ ախտորոշեն սրտի հնարավոր խնդիրներ։ Եղել են դեպքեր, երբ սրտի հիվանդությունները կամ բնածին արատները հայտնաբերել է հենց զինվորական բժշկական հանձնաժողովը՝ դա բացթողում է առաջնային օղակի բժիշկների կողմից, որոնք ըստ էության պետք է խնդիրը հայտնաբերեին դրանից շատ ավելի առաջ։

Ծաղիկ Վարդանյանի խոսքով, եթե այդ բոլոր ստուգումներից ու փորձաքննություններից հետո բանակում հայտնվում է երիտասարդ, որն անպիտան է ծառայության համար ու առողջական լուրջ խնդիրներ ունի, դա լուրջ խախտում է հանձնաժողովի կողմից, ինչի համար պատիժ է նախատեսված։

«Բոլոր այն դեպքերը, երբ առողջական լուրջ խնդիրներով երիտասարդները հայտնվում են զորամասում, պարտադիր հետաքննվում են։ Նման խախտումներ չի կարելի թույլ տալ, քանի որ ծայրաստիճան կարեւոր է, որ զինվորը լինի առողջ ու խնդիր չունենա»,- նկատեց Ծաղիկ Վարդանյանը։