21-րդ դարում բորոտությունը (հիվանդություն, որը տարածված էր Միջնադարում) դեռ չի հաղթահարվել։ Բորոտության համաշխարհային օրվա կապակցությամբ նման հայտարարություն են արել բորոտությամբ եւ թոքախտով տառապող հիվանդների գերմանական միության՝ DAHW–ի մասնագետները։
2015-ին, ըստ պաշտոնական տվյալների, բորոտություն է հայտնաբերվել 250 000 մարդու մոտ։ Սակայն իրականում հիվանդացության դեպքերն ավելի շատ են, ուղղակի դրանց մեծ մասը գրանցվում է այնպիսի երկրներում, որտեղ հավաստի վիճակագրություն եւ առողջապահության զարգացած համակարգ չկա՝ Հնդկաստան, Բրազիլիա, Կոնգո։ Զարգացած երկրներում հազվադեպ են այդ հիվանդության նոր դեպքեր գրանցվում, բայց ամեն դեպքում կան։ Այսպես՝ Գերմանիայում տարեկան 5 մարդու մոտ բորոտություն են ախտորոշում։
Հետաքրքիր է, որ այդ ինֆեկցիոն հիվանդությունը երկարատեւ ինկուբացիոն շրջան ունի՝ սովորաբար 4-6 տարի, բայց երբեմնք՝ մինչեւ 40 տարի։ Այսպիսով՝ վարակված մարդը կարող է տարիներ շարունակ չիմանալ, որ վարակված է։
Այդ հիվանդության հիմնական վտանգը ոչ թե հարուցիչ միկրոմանրէներն են, այլ ուղեկցող ինֆեկցիաները։ Այդուհանդերձ, բորոտությունը 1980-ականներից սկսած՝ համարվում է բուժելի հիվանդություն, քանի որ դրա հարուցիչները զգայուն են հակաբիոտիկների նկատմամբ եւ դրանց ազդեցությունից մահանում են։ DAHW–ի տեղեկություններով՝ բորոտության բուժման միջին արժեքը 50 եվրո է, ինչը շատ քիչ է զարգացած երկրների համար, սակայն մի ամբողջ կարողություն է աղքատ երկրներում։
Բորոտության կանխարգելումն, ըստ գերմանացի մասնագետների, այսօր խնդիր է մնում։ Հիմա միայն փորձնական մեթոդ կա, որը, հնարավոր է, կարող է մարդկանց պաշտպանել բորոտությունից, սակայն առաջին արդյունքները կհայտնվեն միայն 2018–ին։






