Այսօր աշխարհի շատ երկրներում ընտանեկան բժշկությանը պատշաճ ուշադրություն չեն դարձնում։ Հայաստանը նույնպես այդ երկրների թվին է պատկանում, բայց բարեբախտաբար վերջին տարիներին Հայաստանում սկսել են ավելի ակտիվ զարգացնել առաջնային բժշկական օղակի կառույցը։ NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Գեւորգ Օբայանը՝ World collage of GP ընտանեկան բժիշկների ասոցացիայից։

Նրա կարծիքով Հայաստանում՝ թե մարզերում, թե մայրաքաղաքում, առաջնային բժշկական օղակը ուժեղացնելու դեպքում հնարավոր կլինի երկրում բժշկությունը բարձրացնել նոր մակարդակի, ու բժշկական ծառայությունները հասանելի կդառնան ավելի շատ մարդկանց համար։

Այսօր Հայաստանում, մասնագետի խոսքով, կա բազմաթիվ հետազոտությունների ու դեղորայքի հասանելիության խնդիր։ Պոլիկլինիկաների փոխարեն մարդիկ սովորել են միանգամից հիվանդանոցներ դիմել, որոնց ծառայությունները, որպես կանոն, վճարովի են այն մարդկանց համար, ովքեր սոցիալական հատուկ խմբերում չեն։ Բավարար միջոցներ չունեցող մարդիկ հաճախ պարզապես չեն դիմում բժշկի, ու նրանց խնդիրները մնում են չլուծված։

Բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է ուժեղացնել առաջնային օղակը ու այնտեղ ավելի շատ գումար ներդնել, համարում է մասնագետը։ Առաջնային օղակը ու ընտանեկան բժշկության ինստիտուտը պետք է մարդկանց համար ավելի գրավիչ դառնան, ու մարդիկ պետք է իմանան, որ պոլիկլինիկայում իրենք կարող են ստանալ ծառայություններ, որոնք ոչնչով չեն զիջում հիվանդանոցայինին։ Իսկ հաջորդ քայլը, մասնագետի խոսքով, պետք է լինի ընտանեկան բժիշկների ու թերապեւտների կողմից ամենից հաճախ նշանակվող դեղորայքն ավելի մատչելի դարձնելը։

Գեւորգ Օբայանի խոսքով, առաջնային օղակի մասնագետները կարող են միանգամայն հաջող ախտորոշել շատ հիվանդություններ ու անհրաժեշտ բուժում նշանակել։ Օրինակ, ուշագնացություններից հետո շատերը դիմում են հիվանդանոց ու անցնում մի շարք ոչ անհրաժեշտ ու թանկարժեք հետազոտություններ։ Մինչդեռ բավական է այցելել ընտանեկան բժշկի կամ թերապեւտի, որը հետազոտելով հիվանդին ու հավաքելով նրա անամնեզը /հիվանդության պատմությունը/ կարող է հասկանալ ոշագնացության պատճառը ու որոշել՝ նրան լրացուցիչ հետազոտություններ պետք են, թե անհանգստանալու պատճառ չկա։ Այդ մոտեցումը շատ ավելի էժան կլինի թե պետության, թե հիվանդի համար։