Օրերս Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոն եւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր դիմել տարածաշրջանի 12 բնակիչ`«սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ Լոռու մարզպետարանի մասնագետների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդները կերել են Լոռու մարզի հանրային սննդի միեւնույն կազմակերպության պատրաստված հավի մսով շաուրմա:

Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով` հիվանդներից 11-ի, ինչպես նաեւ սնունդը պատրաստող կազմակերպության 2 աշխատակցի մոտ հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ:

Հիվանդներից մեկն այսօր արդեն առողջացումով դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզում 12 մարդ, այդ թվում երեխաներ, թունավորվել են փողոցում գնված շաուրմայից։ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացնում «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտում, որտեղ եւ սնվել են հոսպիտալացված անձինք: