Որոշ մարդիկ կարծում են, որ եթե սուր շնչառական վիրուսներով (ՍՇՎ) ինֆեկցիաների եւ գրիպի դեպքում երեխաները հակաբիոտիկ ընդունեն, դա կօգնի այս հիվանդությունների հետ կապված բարդություններից խուսափել: Նման կարծիքը, սակայն, իրականությանը չի համապատասխանում, իսկ «կանխարգելման համար» ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին հակաբիոտիկներ տալ, պնդում է մանկաբույժ, Մանկաբույժների հայկական ասոցիացիայի ղեկավարի տեղակալ Լյուդմիլա Սիմոնյանցը:
Գրիպը եւ ՍՇՎ ինֆեկցիաները վիրուսային հիվանդություններ են, եւ դրանց դեմ հակաբիոտիկներն անզոր են, հիշեցրեց մասնագետը: Ավելին՝ չարժե մոռանալ, որ հակաբիոտիկները իմունային համակարգը թուլացնում են, այսպիսով՝ վիրուսային հիվանդությունների ժամանակ ոչ միայն չեն օգնում, այլ հակառակը՝ օրգանիզմին խանգարում են դրանց դեմ պայքարել: Արդյունքում՝ թուլացած իմունիտետի համար ավելի է դժվարանում օրգանիզմ ընկած վիրուսների ոչնչացումը, եւ բարդությունների առաջացման հավանականությունը միայն մեծանում է:
Մասնագետը նշեց, որ երեխաներին կարելի է հակաբիոտիկներ նշանակել միայն այն դեպքում, եթե վիրուսային հիվանդություններն արդեն բակտերիալ ինֆեկցիայի բարդություններ են առաջացրել: Եթե այսպիսի ինֆեկցիան հաստատվի, բժիշկը կարող է երեխային հակաբիոտիկ նշանակել դրա դեմ պայքարելու համար: Սակայն հակաբիոտիկները չեն կարող կանխել այսպիսի ինֆեկցիոն բարդությունների առաջացումը, ուստի, մանկաբույժի խոսքով, սխալ է եւ անիմաստ կանխարգելման համար երեխաների հակաբիտիկներ տալ:
Հարկ է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին նաեւ սեփական հայեցողությամբ հակաբիոտիկներ տալ. այս դեղամիջոցների օգտագործման նկատմամբ նման անպատասխանատու մոտեցումը միայն նպաստում է դրանց կայունության տարածմանը՝ հակաբիոտիկների սխալ օգտագործման հետեւանքով բակտերիաները դրանց հանդեպ ոչ զգայուն են դառնում, եւ այսպիս բակտերիաների հարուցած ինֆեկցիաները բուժելը շատ դժվար է դառնում:
Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ում գրանցվել է բակտերիայի հետեւանքով մահվան առաջին դեպքը, որը կայուն է եղել երկրում թույլատրված բոլոր 26 հակաբիոտիկների նկատմամբ: Շատ փորձագետների կարծիքով՝ եթե ոչ մի բան չձեռնարկվի եւ չկանգնեցվի հակաբիոտիկակայունության տարածումը, «սովորական» ինֆեկցիոն հիվանդությունները կսկսեն հարյուր հազարավոր մարդկանց սպանել, ինչպես եղել է մինչեւ հակաբիոտիկների հայտնաբերումը: Շատ հիվանդություններ, օրինակ՝ քաղցկեղը, կդառնան անբուժելի, իսկ շատ սովորական վիրահատությունների կատարումն անհնար կդառնա:






