Որպես կանոն, քաղցկեղի բուժման արդյունավետությունը կախված է հիվանդության փուլից, երբ այն հայտնաբերվել է. հաջող առողջացման հնարավորությունները մեծ են այն հիվանդների շրջանում, որոնց մոտ հիվանդությունն ախտորոշվել է ամենավաղ փուլում: Նրանք, ում մոտ հիվանդությունը չափազանց ուշ է հայտնաբերվել, չեն կարող բուժման լավ արդյունքների հասնել ո՛չ Հայաստանում, ո՛չ ցանկացած այլ երկրում: Այս մասին լրագրողներին ասաց ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը:

Հայտնի է, որ եթե, օրինակ, կրծքի քաղցկեղը հայտնաբերվում է նախնական փուլում, հիվանդների 99 տոկոսը լիովին առողջանում է: Ավելին՝ Netherlands Cancer Institute-ի գիտնականների վերջին հետազոտությամբ պարզվել է, որ նման կանայք հաճախ նույնիսկ ավելի երկար են ապրում, քան առողջ կանայք, որոնք երբեւէ քաղցկեղով չեն հիվանդացել: Եթե կրծքագեղձի քաղցկեղն ուշ է հայտնաբերվում՝ 2-րդ փուլում, հիվանդների մոտ 80 տոկոսն է այն վերապրում, եթե երրորդ փուլում՝ մոտ 60-70 տոկոսը:

Քաղցկեղի որոշ այլ տեսակների դեպքում վիճակագրությունն, իհարկե, նկատելիորեն տարբերվում է. օրինակ, թոքերի քաղցկեղի դեպքում վերապրելիությունը բավական ցածր է, որն առաջին հերթին կապված է այն հանգամանքի հետ, որ այս հիվանդությունը սովորաբար շատ ուշ է հայտնաբերվում, եւ բուժումն արդեն անարդյունավետ է: Նույնը կարելի է ասել նաեւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի համար:

Հովհաննես Վարդեւանյանը նշեց, որ քաղցկեղային հիվանդությունների մեծ մասը առաջին փուլում չեն երեւում՝ կրծքի քաղցկեղը 1-ին փուլում չի շոշափվում, չի ցավում եւ անհարմարավետություն չի ստեղծում: Թոքերի քաղցկեղը եւս իրեն ոչ մի ձեւով չի մատնում: Երբ կրծքի մեջ արդեն կոշտացում է շոշափվում, կամ երբ հիվանդը սկսում է ուժեղ հազալ (երբեմն արյամբ ուղեկցվող), դա արդեն վկայում է հիվանդության բարձիթողության մասին:

Քաղցկեղային հիվանդությունները վաղ՝ բուժվող փուլերում հայտնաբերելու համար խորհուրդ է տրվում սքրինինգային հետազոտություն անցնել, եթե նույնիսկ ձեզ անհանգստացնող ոչ մի ախտանիշ չկա: 40 տարեկանից մեծ կանանց խորհուրդ է տրվում ամեն տարի մամոգրաֆիական հետազոտություն կատարել, իսկ բոլոր ծխող մարդկանց՝ կրծքավանդակի համակարգչային տոմոգրաֆիա: Դրանից բացի, կանանց նաեւ խորհուրդ է տրվում Պապանիկոլաուի թեստ հանձնել, որը կպարզի՝ կանանց մոտ կա՞ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման հավանականություն, իսկ տղամարդկանց խորհուրդ է տրվում PSA թեստ հանձնել՝ շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը հայտնաբերելու համար: