Հայաստանում արդեն կիրառվում են քաղցկեղի ախտորոշման եւ բուժման մեթոդների մեծ մասը, սակայն կան տեխնոլոգիաներ, որոնք դեռեւս ներդրված չեն: Նման տեխնոլոգիաների թվում է ՊԷՏ/ՀՏ-ը (պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիա/համակարգչային տոմոգրաֆիա), որի ներդրումը կօգնի երկրում օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը նոր մակարդակի հասցնել, համոզված է ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը։

Պոզիտրոնաէմիսիոն տոմոգրաֆիան ներքին օրգանների հետազոտման մեթոդ է, որի ընթացքում, ըստ մասնագետի պարզաբանման, հիվանդի օրգանիզմ է ներարկվում հատուկ ռադիոդեղամիջոց, որը կլանում են չարորակ նորագոյացությունների հյուսվածքները: Այսպիսով, ստացված պատկերի վրա տեսանելի է դառնում, թե հատկապես որտեղ է գտնվում նյութը կլանած ուռուցքը, ինչ չափերի է եւ ինչ հատկություններ ունի: Քաղցկեղի յուրաքանչյուր տեսակի համար, բնականաբար, օգտագործվում է դրան հարմար ռադիոդեղամիջոց:

Մասնագետի խոսքով՝ ՊԷՏ/ՀՏ-ը կարելի է օգտագործել քաղցկեղի գրեթե բոլոր տեսակների ախտորոշման համար, նաեւ բուժման արդյունավետության որոշման համար: ՊԷՏ/ՀՏ-ը ավելի հաճախ կիրառվում է թոքերի, կրծքագեղձի, ստամոքսի, աղիների, մաշկի եւ այլ տեսակի քաղցկեղների դեպքում: Մեթոդը մեծ դեր ունի լիմֆոմայի ախտորոշման մեջ. բանն այն է, որ ավշահանգույցները կարող են բավական լավ տեսանելի լինել ՀՏ-ով, սակայն ՊԷՏ օգնությամբ կարելի է ճշգրիտ որոշել՝ հանգույցը նորմալ է, թե փոփոխված: Նույն կերպ ՀՏ-ն եւ ՄՌՏ-ն կարող են անբավարար լինել թոքերի քաղցկեղի կատարված վիրահատության արդյունավետության գնահատման համար. ախտորոշման այս մեթոդներով ստացված պատկերներում հետվիրահատական սպին երբեմն դժվար է տարբերակել հիվանդության ռեցիդիվից: Իսկ եթե ՊԷՏ հետազոտություն կատարվի եւ եթե ռադիոդեղամիջոցը կուտակվի սպիի վրա, մասնագետները կհասկանան, որ այդ սպիի վրա վտանգավոր չարորակ պրոցեսներ են սկսվել:

«Այս մետոդը ահռելի դեր ունի քաղցկեղային հիվանդությունների ախտորոշման համար»,- նշեց ռադիոլոգը: Ներկայումս Հայաստանում ՊԷՏ/ՀՏ չեն կատարում, եւ այս հետազոտության կարիքն ունեցող բազմաթիվ հիվանդներ ստիպված են այլ երկրներ մեկնել: