«Էրեբունի» ԲԿ–ում քիմիաթերապիայի 2 կուրս ընդունած 7 հիվանդները Paxman cool scalp սաղավարտի շնորհիվ պահպանել են մազերի ավելի քան 60 տոկոսը։ Դա հիանալի արդյունք է, եթե հաշվի առնենք այն փաստը, որ հիվանդները քիմիաթերապիայի երկրորդ կուրսից հետո որպես կանոն կորցնում են մազածածկույթի մեծ մասը՝ մինչեւ 99 տոկոսը։
Paxman cool scalp սառեցնող սաղավարտով նոր մեթոդը վերոնշյալ հիվանդներին տրամադրվել է անվճար հիմունքներով, ասված է հիվանդանոցի կայքում։
Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի վերջին «Էրեբունի» ԲԿ-ում ներդրվել էր Կովկասյան տարածաշրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ Paxman ֆիրմայի ORBIS II սարքը՝ սառեցնող սաղավարտը: Սարքի աշխատանքի սկզբունքը գլխի մազածածկ հատվածի սառեցումն է մինչեւ -4 С՝ քիմիաթերապիայի դեղամիջոցը ներարկելուց 30-40 րոպե առաջ, դեղամիջոցի ներարկման ժամանակ եւ ներարկումից հետո: Սառնության ազդեցությամբ տեղի է ունենում գլխի մաշկի անոթների սպազմ, արյան հոսքի արագությունը նվազում է, եւ գլխի մազածածկ հատվածին արյան մատակարարումը, հետեւաբար նաեւ քիմիական դեղամիջոցի, կտրուկ նվազում է: Այսպիսով կանխվում է մազապարկերի վրա քիմիական դեղամիջոցի տոքսիկ ազդեցությունը, ինչը թույլ է տալիս մազերը պահպանել:
Paxman cool scalp սարքը հիմնականում կիրառվում է կաթնագեղձի եւ ձվարանների քաղցկեղի դեպքում քիմիաթերապիա անցնելիս։
Դրա կիրառման մի քանի հակացուցումներ կան, որոնց թվում՝ հիպերտոնիկ հիվանդությունները, գլխամաշկի հիվանդությունները, գլխուղեցում մետաստազները։







