Վերջերս բժշկական հանրույթը հայտարարել է հեպատիտ C-ի բուժման մեջ առաջընթացի մասին. հայտարարվել է, որ թանկարժեք ինտերֆերոններով հիվանդության բուժումը կմնա անցյալում, եւ ստեղծվել են նոր դեղամիջոցներ ու բուժման նոր սխեմաներ, որոնք ավելի էժան են ու արդյունավետ: NEWS.am Medicine-ին հայտնի է դարձել, որ այդ սխեմաներն այսօր կիրառվում են նաեւ Հայաստանում, սակայն խոչընդոտ կա՝ այդ դեղերը երկրում գրանցված չեն:
Մենք որոշեցինք պարզել, թե նոր սխեմաների ներդրման պայմաններում Հայաստանում հեպատիտ C-ի բուժումը որքանո՞վ է էժանացել: Եվ պետությունն ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ է քրոնիկ հիվանդների վիճակը թեթեւացնելու համար:
Հիվանդներից մեկը, որն այժմ բուժման կուրս է անցնում նոր դեղամիջոցներով, հայտնեց, որ մի քանի տարի առաջ իրեն առաջարկել են ինտերֆերոններով բուժման մեկամյա կուրս, որը տարեկան 17 հազար դոլար արժե: Այդ ժամանակ ինքը բուժումից հրաժարվել է փող չունենալու պատճառով:
Հիմա իրեն բուժման երեքամսյա կուրս են նշանակել երեք դեղամիջոցներով՝ Ribavirin Copegus (200 մգ, N42, Roche), Sofosbuvir Hepcinat (400 մգ, N28, գերմանական GILEAD ընկերության Sovaldi դեղի հնդկական ջեներիկ) եւ Daclatasvir Dihidrochloride Natdac (60 մգ, N28, ամերիկյան BRISTOL-MYERS ընկերության Daklinza դեղի հնդկական ջեներիկ):

Հայաստանի առողջապահության նախարարության դեղերի պետական գրանցամատյանում ստուգմամբ պարզվեց, որ դրանցից գրանցված է միայն Roche ընկերության Ribavirin Copegus-ը: Ինչ վերաբերում է Sofosbuvir-ին եւ Daclatasvir-ին, ապա Հայաստանում գրանցված չեն ո՛չ դրանց բնօրինակները, ո՛չ ջեներիկները:
Մեր զրուցակցի խոսքով՝ դեղատանը Ribavirin Copegus-ի 4 տուփը մոտ 100 դոլար արժե, երեքամսյա կուրսի համար ինքը 300 դոլար պետք է վճարի (12 տուփ):
Մյուս 2 դեղամիջոցի համար միասին նա ամսական 700 դոլար է վճարում, երեքամսյա կուրսը կարժենա 2100 դոլար, իսկ այդ դեղերը նա գնում է… անմիջապես բժշկից: Հենց այդպես՝ աշխատասենյակում բժիշկը դեղերը հանում է սեղանի դարակից եւ վաճառում հիվանդին: Եվ 2400 դոլար արժեքով երեքամսյա կուրսը ներկայացվում է որպես մեծ բարիք: Դե իհարկե՝ 17 հազար դոլարից հետո այդպես էլ կներկայացվի:
Օրինակ՝ Sofosbuvir Hepcinat-ը (400 մգ, N28) Մոսկվայում կարելի է համացանցով պատվիրել 14,000-15,000 ռուբլով (230-250 դոլար), իսկ Daclatasvir Natdac-ը (60 մգ, N28)՝ 10,000 ռուբլով (160 դոլար): Ribavirin Copegus-ը Մոսկվայում արժե մոտ այնքան, որքան Հայաստանում: Սակայն բանը ոչ միայն այս դեղամիջոցների գինն է, այլ այն, թե ով է դրա դիմաց վճարում: Տարբեր երկրներում կան ապահովագրության տարբեր սխեմաներ, եւ շատ երկրներում պետությունն է դրան ակտիվորեն մասնակցում: Օրինակ՝ հարեւան Վրաստանում գործում է հեպատիտ C-ի սքրինինգի եւ բուժման հատուկ պետական ծրագիր:
Ի պատասխան բացատրելու իմ փորձերին, թե այնպիսի հիվանդությունները, ինչպիսին հեպատիտ C-ն է, պետք է բուժվեն պետպատվերի շրջանակում, դեղերը պետք է անվճար տրամադրվեն, հիվանդն ուղղակի ուսերը թոթվեց: Նա երբեք պետությունից ոչ մի աջակցություն չի ստացել եւ դրա վրա հույս չի էլ դրել… Հայաստանում պետպատվերով են բուժվում միայն հեպատիտ C-ի սուր ձեւերով հիվանդները, իսկ քրոնիկական ձեւի դեպքում՝ նրանք սեփական հույսին են մնում, պետությունը չի միջամտում:
Հիմա խոսենք գրանցման մասին: Որպես կանոն՝ դեղերը գրանցում են իրավատերերը, այսինքն՝ Ribavirin Copegus-ը Հայաստանում գրանցել է Roche ընկերությունը: Սակայն հայկական շուկան այնքան փոքր է, իսկ գրանցման ընթացակարգն այնքան բարդացված, որ շատ իրավատերերի դա պարզապես չի շահագրգռում: Կենսականորեն անհրաժեշտ ցուցակի դեղերը պետությունը պարտավորվում է անվճար գրանցել, բայց նույնիսկ այս դեպքում իրավատերերից շատերը չեն ցանկանում դրա վրա իրենց ջանքերը ծախսել: Վրաստանում, օրինակ, այդ ընթացակարգը առավելագույնս պարզեցրել են: Եթե դեղը գրանցված է ԵՄ-ում, ապա Վրաստանն ավտոմատ դրա գրանցումը ճանաչում է:
Այս ամենի հետեւանքով Հայաստանը զրկվում է անհրաժեշտ շատ դեղերից: Բավական է հարցնել ցանկացած մասնագիտության բժիշկներին (ուռուցքաբաններին, հոգեբույժներին, ուրոլոգներին, սրտաբաններին եւ այլն), եւ կպարզվի, որ գործնականում յուրաքանչյուր մասնագիտության գծով կան Հայաստանում չգրանցված շատ արդյունավետ դեղամիջոցներ, որոնցից որոշներն անփոխարինելի են: Ոչ մեկի համար, այդ թվում՝ Առողջապահության նախարարության, գաղտնիք չէ, որ այդ դեղերը բոլոր հնարավոր ճանապարհներով բերվում են Ռուսաստանից, Վրաստանից, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից: Գաղտնիք չէ նաեւ այն, որ յուրաքանչյուր մասնագիտության համար կան իրենց հատուկ դեղատները, որտեղ կարելի է այս դեղերը գնել, եւ բժիշկները դեղերը նշանակելիս նշում են նաեւ դեղատները: Նույն կերպ գաղտնիք չէ, որ բժիշկները հաճախ իրենք են ներգրավված չգրանցված դեղերի վաճառքի սխեմաների մեջ: Ակնհայտ է, որ չգրանցված դեղերը երկրում շրջանառվում են այն պատճառով, որ դրանք բժիշկներն են նշանակում:
Դեկտեմբերի վերջին կայացած տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ի պատասխան իմ հարցին՝ պետության համար ավելի լավ չէ՞ գրանցել այդ դեղերը, խոստացավ, որ դա կարվի, երբ «Դեղերի մասին» նոր օրենքը ամբողջովին ուժի մեջ մտնի: Թեման բարձրացվեց դեղատներում տեսչության իրականացրած ստուգումների եւ նրանց չգրանցված դեղերի համար տուգանելու հետ կապված: Նախարար Լեւոն Ալթունյանն, ի դեպ, հայտարարեց, որ չգրանցված դեղերի վաճառքն ընդհանրապես կքրեականացվի: Իսկ Սերգեյ Խաչատարյանը զայրացած բացատրում էր, որ դա լրագրողների գործը չէ, մենք մասնագետներ չենք, ու որ երկրում չգրանցված դեղեր չպետք է լինեն, եւ վերջ: Դա անվտանգության հարց է:
Հարկ է ավելացնել, որ չգրանցված այն դեղերը, որոնք հայտնվում են բժշկի սեղանի դարակից, եւ այն դեղերը, որոնց համար դեղատներին տուգանել են, որքան էլ տարօրինակ է՝ տարբեր բաներ են: Դեղատները դեղերը օրինական հիմունքներով ձեռք են բերել ներկրողներից, իսկ նրանք՝ ներմուծել ԵՏՄ շուկաներից: Ըստ որում՝ այդ դեղերը նշված են պետական գրանցամատյանում, պարզապես դրանց փաթեթավորումները կամ ներդիր–թերթիկները ինչ-որ նրբերանգով տարբերվում են նրանցից, որոնք գրանցել է Դեղերի փորձագիտական կենտրոնը: Իրավատերերը հատուկ են իրենց դեղերը տարբեր շուկաներում տարբերություններով գրանցում՝ դրանց մեջ հոսք թույլ չտալու համար, ինչի մասին արդեն գրել ենք: Բայց դրանք նույն արտադրողների նույն դեղերն են, եւ Դեղերի փորձագիտական կենտրոնը դա կարող է հանգիստ ստուգել: Իսկ ահա բժշկի սեղանի դարակի դեղերը գրանցամատյանում ընդհանրապես չկան եւ Հայաստանում ոչ մի փորձաքննության չեն ենթարկվել: Ամենեւին կասկածի տակ չեմ դնում այդ դեղերի իսկությունը, եւ անգամ ընդունում եմ, որ բժիշկն այդ դեղերը արտասահմանից բերում է ոչ միայն իր հարստացման, այլեւ հիվանդների բարօրության համար:
Սակայն 2 ողջամիտ հարց է առաջանում: Իսկ ի՞նչ եղավ անվտանգությունը: Եվ ինչո՞ւ մինչեւ հիմա չկա հեպատիտ C-ի բուժման նույնպիսի պետական ծրագիր, ինչպիսին կա շաքարախտի կամ տուբերկուլոզի դեպքում (երբ պետությունը հոգում է այդ հիվանդների դեղերի մասին): Չէ՞ որ հեպատիտ C-ն պակաս վտանգավոր հիվանդություն չէ, որի բուժումը նույնպես ազգային անվտանգության հարց է:
Անահիտ Սարգսյան






