Բանգլադեշցի 10 տարեկան Սաանա Խաթունի մոտ կասկածում են գենետիկ հազվադեպ հիվանդություն՝ Epidermodysplasia verruciformis, որը հայտնի է նաեւ «ծառ մարդու ախտանիշ» անունով: Եթե ախտորոշումը հաստատվի, Սաանան կդառնա իգական սեռի առաջին մարդը, որն այս հիվանդությամբ է տառապում. նախկինում հայտնի էր միայն տղամարդ հիվանդների մասին:

Սաանայի դեմքին չորս ամիս առաջ սկսել են գորտնուկներ աճել, որոնք նման էին ծառի կեղեւի: Սկզբում նրա հայրը դրանց վրա ուշադրություն չի դարձրել, բայց ժամանակի ընթացքում դրանք շատացել են, եւ անհանգստացած տղամարդը դստերը տարել է մայրաքաղաքի բժշկի մոտ: Բժիշկներն աղջկա մոտ ծառ մարդու ախտանիշ են կասկածել եւ այժմ թեստեր են անցկացնում ախտորոշումը հաստատելու համար:

«Մենք շատ աղքատ ենք: Դուստրս մորը կորցրել է, երբ 6 տարեկան էր: Ես հույս ունեմ, որ բժիշկները կկարողանան իմ  սիրելի դստեր դեմքից այս պալարները հեռացնել»,- ասել է աղջկա հայրը:

Բժիշկները հույս ունեն, որ աղջկա մոտ հիվանդության թեթեւ ձեւն է, եւ բուժումից հետո նա արագ կվերականգնվի:

Հիշեցնենք, որ այս հիվանդությամբ է տառապում նաեւ բանգլադեշցի 27-ամյա Աբուլա Բայանդարը: Վերջին տարվա ընթացքում նրան 16 վիրահատություն են կատարել եւ ձեռքերից ու ոտքերից մոտ 5 կգ պալար հեռացրել, որից հետո նա երկարատեւ բուժում ստանալով առաջին անգամ կարողացել է դստերը նորմալ գրկել: