Զիկա վիրուսի հետ կապված արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց մեկ տարի անց վարակի տարածումը շարունակվում է: Միաժամանակ, հաջողվել է զգալիորեն բարելավել վտանգավոր հիվանդությանը հետեւելու համակարգը: ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Մարգարեթ Չանի հայտարարությունում:

ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում աշխարհի շուրջ 70 երկրներ հաղորդել են Զիկա վիրուսով վարակվելու դեպքերի մասին:

«Մեզ հաջողվել է կապ գտնել Զիկա վիրուսի եւ նորածինների զարգացման համալիր խնդիրների միջեւ, որոնք «Զիկա վիրուսի ի ծնե ախտանիշ» անունն են ստացել: Հիմա մենք գիտենք, որ վիրուսը կարող է փոխանցվել սեռական ճանապարհով, եւ այդ մասին կարող ենք զգուշացնել կանանց»,- ասված է ԱՀԿ-ի ղեկավարի հայտարարությունում:

Զիկա վիրուսը հանրային առողջության համար չափազանց վտանգավոր հայտարարելու մասին Մարգարեթ Չանի որոշումը կապված է հենց այն հանգամանքի հետ, որ հիվանդությունը նորածինների մոտ զարգացման խնդիրներ է առաջացնում: Նա հիշեցնում է, որ վտանգը պահպանվում է. չափազանց քիչ մարդիկ այդ հազվագյուտ հիվանդության դեմ իմունիտետ ունեն, իսկ միջազգային ավիահաղորդակցությունը վիրուսին հնարավորություն է ընձեռում հեշտությամբ հսկայական տարածություն հաղթահարել եւ մի մայրցամաքից մյուսն անցնել:

Մարգարեթ Չանի կարծիքով՝ «ԱՀԿ-ն եւ երկրները, որտեղ տարածված է վիրուսը, պետք է իրավիճակին արձագանքեն ոչ թե արտակարգ միջոցներով, այլ մտածված քաղաքականությամբ», որն անցյալում օգնել է հաղթահարել պոտենցիալ զանգվածային այլ հիվանդություններ: Նրա խոսքով՝ ԱՀԿ-ում նման ջանքերի միջազգային աջակցության մեխանիզմներ են մշակում: