2016 թվականին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնն ունեցել է 40 615 այցելու, կատարվել է 48 780 հետազոտություն, որից 17 208-ը՝ կրծքագեղձի։ 819 կնոջ մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այս մասին փետրվարի 3–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը։ 2015–ին Կենտրոնի այցելուների թիվը կազմել էր 37730։

«Որքան ավելի շատ է ավելանում այցելուների թիվը, այնքան մեծանում է հավանականությունը, որ քաղցկեղը կբացահայտվի վաղ փուլում»,-ասաց նա:

Ըստ նրա, 2016 թվականին կենտրոնում կատարվել է վահանաձեւ գեղձի շուրջ 2 հազար հետազոտություն, որի արդյունքում կատարվել է 600 բարակ ասեղային ասպիրացիա: Իրականցվել է գինեկոլոգիական մոտ 14 հազար հետազոտություն, 12 կնոջ մոտ ախտորոշվել է արգանդի պարանոցի քաղցկեղ, իսկ 15-ի մոտ արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակ: Հայտնաբերվել է ձվարանի 4 քաղցկեղ։

Խաչանուշ Հակոբյանի գնահատմամբ, հայ բժիշկներն իրենց մասնագիտական որակով չեն զիջում արեւմտյան բժիշկներին, այլ հարց է, որ մենք չունենք այն տեխնիկական հնարավորությունները, որոնք կան արեւմտյան երկրներում։ Նա կոչ արեց վստահել մեր բժիշկներին։