Համաճարակային իրավիճակը Հայաստանում վերահսկելի է։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։ Նա պարզաբանեց, որ Հայաստանում շատ հաճախ «համաճարակային իրավիճակ» հասկացությունը սխալ է մեկնաբանվում: «Համաճարակային իրավիճակը համաճարակ չի ենթադրում», - ասաց նա։
Ըստ մասնագետի, Հայաստանում վերջին շաբաթների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած դիտվում է առաջնային բժշկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիության նվազում:
««Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ի տրամադրած օպերատիվ տվյալները ևս արձանագրում են, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի նվազել են սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով կանչերը»,- ասաց նա։
Բայց դրա հետ մեկտեղ 0-2 տարեկան երեխաների ստացիոնար բուժհաստատություններ դիմելիության աշխուժացում է դիտվում: Ըստ Լ. Թորոսյանի, դա ավելի շատ պայմանավորված է ավելորդ խուճապով. «Նախարարը բոլոր մանկական ստացիոնարներին հանձնարարական է տվել, որ ոչ մի դիմողի չմերժեն, և եթե ծնողը ցանկանում է, որ իր երեխան բուժում ստանա հիվանդանոցում, ապա ընդունեն նրան»,- նշեց նա:






