Ամերիկացի գիտնականները ստեղծել են բջիջներ, որոնք ունակ են նպատակաուղղված տեղաշարժվել ուղեղի հյուսվածքներում ու ոչնչացնել ուռուցքները, մասնավորապես գլիոբլաստոման։ Հյուսիսային Կարոլինա նահանգի համալսարանի գիտնականների հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Science Translational Medicine ամսագրում։
Հայտնի է, որ գլխուղեղի ուռուցքներն արտադրում են քիմիական նյութեր, որոնք ազդանշան են ծառայում ցողունային բջիջներ ներգրավելու համար։ Մասնագետները կարծում են, որ վերջինները կարող են ճանաչել չարորակ նորագոյացությունները որպես վնասվածք, որը անհրաժեշտ է շտկել, սակայն դրա փոխարեն օգնում են դրա աճին։
Գիտնականները որոշել են օգտագործել գլիոբլաստոմայի մոտ տեղաշարժվելու՝ բջիջների ունակությունը, որպեսզի ստեղծեն դեղորայքը տեղ հասցնող փոխադրամիջոց։ Դրա համար նրանք կիրառել են սպեցիֆիկ քիմիական միացություններ, որոնք վերածրագրավորում են մաշկի սովորական բջիջները, դրանք դարձնելով ցողունային iNSC։
Դրանից հետո հետազոտողները ստացված կենսաբանական նյութը տեղադրել են հատուկ տարրայի մեջ, որպեսզի ստուգեն, արդյոք ցողունային բջիջները կշարժվեն ուռուցքային հյուսվածքի կողմը։ Պարզվել է, որ iNSC –ն իրոք շարժվում է դեպի չարորակ բջիջներ՝ 22 ժամում 50 միկրոն արագությամբ։
Փորձի երկրորդ փուլում կենսաբանները ցողունային բջիջների մեջ են մտցրել հակաքաղցկեղային դեղամիջոցներ։ Արդյունքում iNSC–ը, որը հասել է ուռուցքներին, կարողացել է մեկ ամսում 20-50 անգամ փոքրացնել նորագոյացության չափերը։ Դա կրկնակի ավելացրել է հիվանդ կրծողների կյանքի տեւողությունը։






