Երկու սեռերի ներկայացուցիչների շրջանում էլ քաղցկեղով հիվանդացության բռնկման պատճառը անառողջ կենսակերպն է, բայց հիմնականում կանայք ավելի հաճախ են հիվանդանում։Այս մասին ասվում է Cancer Research UK–ի հաշվետվության մեջ։
Փորձագետները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կոչ են անում կրճատել ռիսկի գործոնները։ Նրանց խոսքով օնկոլոգիական հիվանդությունների՝ կարեւորության աստիճանով երկրորդ պատճառը ճարպակալումն է, իսկ առաջինը ծխելը։ Խոսքը այն պատճառների մասին է, որոնք հնարավոր է կանխել։
Հետազոտությունը ցույց է տվել, որ առաջիկա 20 տարիներին կանանց շրջանում ուռուցքների նոր զոհերի թիվը 6 անգամ արագ է աճելու, քան տղամարդկանց շրջանում։ Եվ այսպես, տղամարդկանց շրջանում աճը կազմելու է 0․5 տոկոս, իսկ կանանց շրջանում՝ 3 տոկոս։ 2035-ին ախտորոշված քաղցկեղ կունենա 4․5 մլն կին ու 4․8 մլն տղամարդ։ Դա պայմանավորված է նրանով, որ Մեծ Բրիտանիայի հասուն բնակիչների գրեթե երկու երրորդը այսօր ավելորդ քաշ կամ ճարպակալում ունի։
Չնայած տղամարդկանց շրջանում ճարպակալման մակարդակը առայժմ ավելի բարձր է, քան կանանց շրջանում, շատ ուռուցքներ, որոնք սերտ կապակցված են քաշի հետ, գերազանցաբար կամ բացառապես կանացի հիվանդություններ են։ Խոսքը կրծքագեղձի, արգանդի ու արգանդի վզիկի քաղցկեղի մասին է։ Բացի դրանից, կանանց շրջանում քաղցկեղով հիվանդացության թռիչքաձեւ աճը բացատրվում է վերջին տասնամյակներին ծխող կանանց քանակի աճով։ Եվ վերջապես կանայք սկսել են ավելի շատ ոգելից խմիչք օգտագործել, բացատրում են գիտնականները։
Այդուհանդերձ, Մեծ Բրիտանիայում ծխողների քանակը նվազում է, իսկ թոքերի քաղցկեղի դեպքերի քանակը՝ աճում։ Դա պայմանավորված է նրանով, որ շատ կանայք սկսել են ծխել դեռ 1960-ականներին, երբ այդ սովորությունը հիմնականում տղամարդկանց շրջանում էր շատ տարածված։






