Հնդկաստանի Չեննաի քաղաքի բժիշկները 42-ամյա կնոջ գլխից հանել են մի մեծ խավարասեր, որը գիշերը կնոջ քթանցքից ներս էր մտել ու լռվել գանգի հիմքի մոտ՝ աչքերի միջեւ, հայտնում է The New Indian Express-ը։
Կինը հունվարի 31-ի գիշերը , երբ քնած է եղել, զգացել է, որ քթանցքի մեջ միջատ է մտնում։ Փորձել է հանել այն, բայց խավարասերը հասցրել էր չափից խորը մտել։
Կինը վստահ չէր, որ դա հենց խավարասեր է եղել, պարզապես զգում էր, որ ինչ-որ միջատ է, որը իրեն անհարմարություն է պատճառում։ «Ես զգացի, որ ինչ-որ բան է ծակծկում, սողում։ Ամեն անգամ, երբ այն շարժվում էր, ես աչքերիս մեջ այրոց էի զգում»
Կինը նման տանջանքների մեջ է անցկացրել ամբողջ գիշերը,իսկ առավոտյան փեսային խնդրել է իրեն տանել մասնավոր կլինիկա, այնտեղ Սելվիին հետազոտել են ու ուղարկել մեկ այլ հիվանդանոց։ Հաջորդ բժիշկը սխալ ախտորոշում է դրել, որոշելով, որ կնոջ այդ զգացողությունը, իբրեւ քթի մեջ ինչ -որ բան է սողում, մաշկի նորագոյացությամբ է պայմանավորված։ Երրորդ հիվանդանոցում բժիշկներն այդ անհարմարության զգացողությունը բացատրել են «օտար մարմնով» ու խորհուրդ տվել սկանավորում անցնել։
Հաջորդ օրն առավոտյան Սելվիին, որն արդեն դժվարությամբ էր շնչում, տեղափոխել են Stanley Medical College -ին կից պետական հիվանդանոց, որտեղ էլ հենց հանել են խավարասերին։ The Times of India-ի փոխանցմամբ խավարասերը մոտ 12 ժամ է անցկացրել կնոջ քթի մեջ ։
Քթի էնդոսկոպիան ցույց էր տվել, որ միջատը նստած էր կնոջ քթի խոռոչում՝ աչքերի միջեւ։ «Սա առաջին նման դեպքն է իմ երեսունամյա պրակտիկայում»,- The Times of India–ին ասել է հիվանդանոցի օտոլարինգոլոգիական բաժնի ղեկավար բժիշկ Մադու Շանկարը։ «Այն ողջ էր ու ըստ երեւույթին չէր ուզում դուրս գալ այնտեղից»,- ասել է Շանկարը ։
Կնոջ բախտը բերել է, որ խավարասերը ողջ էր , հակառակ դեպքում այն կարող էր վնասել ուղեղը, նշել է Շանկարը։ «Այն նստած էր գանգի հիմքում՝ աչքերի մեջտեղում,ուղեղին շատ մոտ։ Եթե այն մնար ներսում, արագ կսատկեր, ու դրանից կարող էր զարգանալ վարակ, որը կտարածվեր դեպի ուղեղ»,- ասել է օտոլարինգոլոգը։
Խավարասերին հաջողվել է հանել ներծծող սարքի ու աքցանի միջոցով։
Բժիշկ Մուտխուչիտրան, որը վիրահատող բժիշկների թիմից էր, ասել է , որ երբ ասպիրացիա են կիրառել, խավարասերը սկսել է կառչել հյուսվածքներից։ Բժիշկը խոստովանել է, որ իրեն վիճակվել է քթից հանել ուլունք, կոճակ, տզրուկ, օճառի կտոր, «բայց ոչ խավարասեր, այն էլ այդքան մեծ»։





