Հայաստանում ծննդաբերության ժամանակ մանկաբարձական աքցաններ ու վակուում գործածելու արգելք չկա։ Այս մասին NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ պատասխանելով վերջերս Արմավիրում տեղի ունեցած նորածնի մահվան դեպքի մասին հարցին ու այն դիտարկմանը, թե որքանով է նպատակահարմար գործածել այդպիսի մեթոդներ, որոնք շատ երկրներում հնացած են համարվում։

«Եթե նման արգելք չկա, ուրեմն դրանց գործածումը չի կարող սխալ համարվել», - ասել է Լեւոն Ալթունյանը։

Նա հավելել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի բոլոր գործող մանկաբարձ գինեկոլոգները կանցնեն հատուկ թեստավորում, որը պետք է ապացուցի նրանց մասնագիտական գործունակությունը։

Նախարարը հավելել է, որ անցած տարվա վերջին Հայաստանի ԱՆ գլխավոր մանկաբարձ գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին հանձնարարվել է պատրաստել հատուկ թեստեր ու կես տարվա ընթացքում թեստավորել բոլոր գործող մանկաբարձ գինեկոլոգներին։

Թեստերը, նախարարի խոսքով, արդեն պատրաստ են, եւ արդեն մոտ ապագայում դրանք կանցկացվեն, չնայած ճշգրիտ ժամկետներն ու կարգը դեռ հայտնի չեն։