Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նախագահությանն առընթեր կեղծ գիտության դեմ պայքարի հանձնաժողովը «Էվոլյուցիա» հիմնադրամի հետ համատեղ «Հոմեոպատիայի կեղծ գիտականության մասին» հուշագիր է մշակել, որում առաջարկել է հոմեոպատիկ դեղամիջոցները հանել պետական բուժհաստատություններից եւ խոչընդոտել դրանց գովազդին: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը:

«Հոմեոպատիայի ենթադրյալ ազդեցության մեխանիզմների բացատրությունը հակասում է հայտնի քիմիական, ֆիզիկական եւ կենսաբանական օրենքներին, իսկ դրա արդյունավետության մասին համոզիչ փորձարկումները բացակայում են: Հոմեոպատիան առաջացել է մի ժամանակաշրջանում, երբ մոլեկուլների հատկությունների մասին քիմիայի եւ կենսաբանության պատկերացումները դեռեւս հայտնի չէին: Որոշ գիտնականներ կարծում էին, որ նյութն անվերջանալիորեն տրոհվում է, այդ պատճառով նրանց համար իմաստ ուներ խոսել ցանկացած աստիճանով լուծույթներ ավելացնելու մասին»,- ասված է հուշագրում:

Հուշագրի հեղինակները ՌԴ առողջապահության նախարարությանն առաջարկում են հոմեոպատիկ դեղամիջոցները հանել պետական բուժհաստատություններից, իսկ Հակամենաշնորհային դաշնային ծառայությանը՝ կանխել դրանց բուժական հատկությունների առկայության մասին ոչ հավաստի գովազդը, դեղատներին էլ՝ հոմեոպատիկ միջոցներն ավանդական բժշկության միջոցների հետ միասին չցուցադրել ու չգովազդել գնորդներին:

Ռուսաստանում 1.8 հազար հոմեոպատիկ միջոց է գրանցված եւ 28 արտադրող ընկերություն, իսկ 2016 թվականին երկրի դեղատներում 21.8 մլն նման միջոց է վաճառվել՝ 7.32 մլրդ ռուբլի ընդհանուր գումարով: