Այսօր Հայաստանի բնակչության մոտ 30 տոկոսն ունի բարձր զարկերակային ճնշում, իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ այդ ցուցանիշը հասնում է 70 տոկոսի։ Իհարկե, զարկերակային գերճնշման խնդիրը արդիական է ոչ միայն Հայաստանում, բայց շատ այլ երկրներում ճնշումն ու դրանից առաջացող խնդիրները արդյունավետորեն հսկվում են։ Այս մասին լրագրողներին պատմեց Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը։
«Վերջերս մենք հետազոտություն անցկացրեցինք Երեւանում եւ պարզեցինք, որ զարկերակային գերճնշմամբ արդյունավետ բուժում ստացող հիվանդների քանակը բավականին ցածր է», - ասաց Պարունակ Զելվեյանը։
Սրտաբանի խոսքով՝ այստեղ գործում է այսպես կոչված «կեսերի օրենքը»՝ հիվանդների կեսը գիտի, որ ունի բարձր ճնշում, իմացողների կեսն է դեղորայք ու բուժում ստանում եւ բուժվողների կեսի բուժումն է իրոք արդյունավետ։
Ինչպես ցույց էր տվել վերոհիշյալ հետազոտությունը՝ Երեւանում բարձր ճնշում ունեցող մարդկանց միայն 9 տոկոսն է արդյունավետ բուժում ստանում, իսկ բոլոր մյուսների մոտ զարկերակային գերճնշումը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել։
Ինչու՞ է բարձր ճնշումն այդքան վտանգավոր։ Այս մասին պատմեց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը։
Բարձր ճնշումը, ինչպես նշեց պրոֆեսոր Մանվելյանը, կարող է ինսուլտների եւ ինֆարկտների պատճառ դառնալ։ «Զարկերակային գերճնշման ժամանակ կարող են զարգանալ մանր ինսուլտներ՝ ասեղի գլխիկի չափ, եւ հիվանդը ընդհանրապես չի զգա, որ ինսուլտ է տարել, բայց ժամանակի հետ այդ «ասեղի գլխիկները» կուտակվելով դառնում են մեծ օջախներ։ Այդ պատճառով մեր ազգաբնակչությանը շատ բնորոշ է ոչ թե Ալցհեյմերի հիվանդությունը, այլ այսպես կոչված անոթային դեմենցիան, որի առաջին պատճառը հենց զարկերակային գերճնշումն է», - ասաց նա։
Բոլոր այս եւ մի շարք այլ խնդիրներից զերծ մնալու համար բժիշկները խորհուրդ են տալիս ճնշումը հսկողության տակ պահել։ Եթե բարձր ճնշում ունեք, արեք ամեն ինչ՝ այն իջեցնելու համար, չէ՞ որ նույնիսկ ճնշման դեղեր գնելը ավելի էժան է, քան ճնշման պատճառող առաջացած հիվանդությունները բուժելը։
Ինչպիսի՞ն է Ձեր զարկերակային ճնշումը։ Գուցե հենց հիմա չափե՞ք։






