Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոմեոպաթիան ճանաչում է, այն ճանաչում է նաեւ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը, հայտարարել է Ռուսաստանի առողջապահության փոխնախարար Տատյանա Յակովլեւան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նա այսպես է մեկնաբանել այն լուրերը, որ ՌԳԱ-ի հանձնաժողովը հոմեոպաթիան կեղծ գիտություն է համարել։

Առողջապահության նախարարության հասարակական առողջության եւ հաղորդակցությունների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծել, որը կորոշի Ռուսաստանում բուժման հոմեոպաթիայի մեթոդների կիրառման հետագա ճակատագիրը: Խմբի մեջ կմտնեն ե՛ւ ՌԳԱ-ի ներկայացուցիչները, ե՛ւ ավանդական բժիշկները, ե՛ւ հոմեոպաթները:

Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը, որին հանձնաժողովը խորհուրդ է տվել պայքարել հոմեոպաթիայի գովազդի դեմ, ՌԳԱ-ի որոշմանն աջակցել է: Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ, Պետդումայի կրթության հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում հիշեցրել է, որ բժշկության մեջ անբացատրելի շատ բան կա, եւ կոչ է արել «սուր չճոճել» ու գիտության նորագույն հնարավորությունների օգնությամբ հոմեոպատիկ դեղամիջոցների գիտական հետազոտություններ կատարել։

Նա նշել է, որ ՌԳԱ-ի հանձնաժողովի որոշման մեջ չի հայտնաբերել այնպիսի տվյալներ, որ հոմեոպաթիկ կոնկրետ դեղերն առողջությանը վնաս են պատճառում: Նա ենթադրում է, որ այժմ հետազոտողները կարող են այսօր կիրառվող միջոցների ուսումնասիրմանը վերադառնալ եւ մեկ անգամ եւս փորձեն պարզաբանել դրանց արդյունավետությունը կամ ոչ արդյունավետությունը:

«IMS Health Ռուսաստան եւ ԱՊՀ»-ի տնօրեն Նիկոլայ Դեմիդովը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ հոմեոպաթիայի միջոցների իրացման սահմանափակումների դեպքում հոմեոպաթիայի ռուսական շուկան «ստվեր կմտնի» եւ կկորցնի շրջանառության 15-ից մինչեւ 20 տոկոսը: «Նախ՝ դեղերի մանրածախ շուկան կկորցնի շրջանառության էական մասը, որը հազիվ թե փոխարինվի, երկրորդ՝ հոմեոպաթիայի ստվերում հայտնվելու վտանգ կա, հաշվի առնելով, որ այդքան մեծ թվով հակառակորդներ ունի եւ այդքան շատ կողմնակիցներ՝ նրա շրջանառությունը ստվերային կլինի, պետության կողմից չվերահսկվող»,- ասել է Դեմիդովը՝ մեկնավբանելով ՌԳԱ հանձնաժողովի որոշումը: