Մեծ Բրիտանիայի պետական հիվանդանոցները, որոնք Առողջապահության ազգային ծառայության համակարգում են, ապրիլից իրավաբանորեն պարտավորվում են օտարերկրացիներին ոչ շտապ բուժօգնություն չցուցաբերել առանց կանխավճարի։
Այսօր հիվանդանոցները վնասներ են կրում. զբոսաշրջիկներից դրամահավաքության համակարգը անարդյունավետ է աշխատում, ընդ որում, շատ հիվանդանոցներ գերծանրաբեռնված են։
«Մենք դեմ չենք, որ հեռվից եկած մարդիկ օգտվեն մեր առողջապահության համակարգից, քանի դեռ նրանք պատրաստ են ազնվորեն իրենց վճարումները կատարել, ինչպես դա անում են բրիտանացի հարկատուները»,– ասել է առողջապահության նախարար Ջերեմի Հանթը։
Այսօր Բրիտանիայում հիվանդանոցներն իրավունք ունեն եկվորներին ցանկացած բուժօգնություն ցուցաբերել՝ ավելի ուշ նրանց ներկայացնելով հաշիվները։ Սակայն վերջին ժամանակներս այդ համակարգով քչերն են վճարում։
Առողջապահության համակարգում կորուստներն ընդհանուր առմամբ գնահատվում են տարեկան 500 մլն ֆունը՝ մոտ 625 մլն դոլար։ Կառավարությունն ուզում է հենց այդքան գումար հետ բերել նոր օրենքի միջոցով։ Այդ պատճառով ապրիլից առանց կանխավճարի բուժօգնություն կստանան միայն այն հիվանդները, որոնց կյանքը վտանգված է։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում հիվանդանոցների մեծ մասը պաշտոնապես գերծանրաբեռնված են համարվում։ Հնարավոր է, որ հենց այդ պատճառով վերջին հարցումների ժամանակ բրիտանացիների մեծ մասը՝ 74 տոկոսը, հավանություն էր տվել օտարերկրացիների համար կանխավճարումով բուժման համակարգին։






