Մանուկ ժամանակ քաղցկեղից բուժումը կարող է ազդել ուղեղի զարգացման վրա, այդ թվում՝ ազդել ռոմանտիկ եւ սեքսուալ հարաբերություններ կառուցելու վրա, կարծում են Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները։ Նրանց ուսումնասիրությունը լույս է տեսել CANCER ամսագրում։

Հետազոտողները խնդրել են 144 մեծահասակների, որոնք փոքր ժամանակ բուժվել են քաղցկեղից, հարցաթերթիկներ լրացնել, որոնց օգնությամբ պարզել են նրանց հոգեկան եւ սեռական զարգացման, սեռական բավարարվածության եւ հարաբերությունների ընթացիկ կարգավիճակից գոհ լինելու մակարդակը։ Հետազոտության հեղինակները նաեւ ուսումնասիրել են բուժման ժամանակ այդ մարդկանց օգտագործած դեղերը եւ պարզել դրանց թունավորության աստիճանը։

Ընդհանուր առմամբ հարցվածների ցուցանիշները չեն տարբերվել վերահսկիչ խմբի ցուցանիշներից, բացառությամբ սեռական զուգընկերների քանակի։ Բայց ուղեղի ուռուցքներ ունեցող ենթախմբի եւ առավել տոքսիկ դեղամիջոցներ ստացած խմբի մոտ հոգեսեռական զարգացման հիմնական փուլերն անցնելիս մասնակիցներն առավել հաճախ խնդիրներ են ունեցել, ինչպես օրինակ, առաջին սեռական ակտի ժամանակ, վստահության հիման վրա հարաբերություններ կառուցելիս, երեխաներ ունենալիս եւ այլն։

Հետազոտողներն առաջարկել են նեյրոտոքսինների քանակի գնահատման նոր համակարգ քաղցկեղով հիվանդ երեխաների համար՝ շեշտը դնելով հոգեսեռական զարգացման վրա։