Հայաստանում այսօրվա դրությամբ չափից շատ են հիվանդանոցները՝ շատ ավելի, քան պետք է նման փոքր երկրում։ Միաժամանակ պոլիկլինիկաները այստեղ պահանջված չեն։ Ըստ երեւույթին առողջապահության նախարարությունը պետք է փորձի ուժեղացնել ընտանեկան բժշկության ինստիտուտը ու նվազեցնի հիվանդանոցների դերակատարումը։ NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Շվեդիայում ընտանեկան բժիշկ աշխատող Հենրիխ Շահնազարյանը;

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում հիվանդները իրենց խնդիրներով ընտանեկան բժշկին դիմելու փոխարեն հիմնականում միանգամից հիվանդանոց են գնում։ Զարգացած երկրներում նման մոտեցումն արդեն չի խրախուսվում՝ դրա փոխարեն խրախուսվում է առաջնային օղակի ու ընտանեկան բժշկության զարգացումը, որոնք օգնում են կրճատել առողջապահական ծախսերը։

Բացի դրանից հիվանդանոցները Հայաստանում այդքան էլ հաջող չեն բախշված՝ Երեւանում , մասնագետի խոսքով, չափից շատ են խոշոր հիվանդանոցները, մարզերում դրանք քիչ են։ Չնայած հենց մարզերում, մանավանդ՝ հեռավոր, սահմանամերձ մարզերում են պետք մեծ հիվանդանոցներ, որոնք սարքավորված կլինեն նորագոււյն սարքավորումներով ու կունենան բարձր որակավորմամբ անձնակազմ, որը կկարողանա օգնել սահմաններում վիրավորված զինվորներին։

Մասնագետի խոսքով Հայաստանի համար լավ օրինակ կարող է ծառայել Շվեդիան, որի ընտանեկան բժշկության ինստիտուտը շատ զարգացած է ու արդարացիորեն համարվում է աշխարհի լավագույններից։ Շվեդիայում ցանկացած, նույնիսկ սուր հիվանդությունների դեպքում մարդիկ դիմում են առաջին հերթին ընտանեկան բժշկի, այլ ոչ թե հիվանդանոց։ Նույնիսկ շտապ օգնության մեքենան հիվանդին կարող է տանել ոչ թե հիվանդանոց, ինչպես Հայաստանում է արվում, այլ պոլիկլինիկա, ընտանեկան բժշկի մոտ։ Եթե այդ բժիշկը որոշի ,որ հիվանդին պահանջվում է հոսպիտալացում, նրան հիվանդանոց կուղարկի, բոլոր մնացած դեպքերում հենց ինքը կզբաղվի այդ հիվանդով։ Հենրիխ Շահնազարյանը նշել է, որ Շվեդիայում ընտանեկան բժիշկները բավականին հազվադեպ են հիվանդներին հիվանդանոց ուղարկում՝ դեպքերի մեծ մասում իրենք են անում անհրաժեշտ ամեն ինչ։

Նման մոտեցումը, մասնագետի խոսքով, կօգնի զգալիորեն քիչ գումար ծախսել բուժման վրա։ Ավելին, նման մոտեցման դեպքում ավելորդ հետազոտություններ շատ ավելի քիչ են արվում։

Հենրիխ Շահնազարյանի խոսքով, որպեսզի նման համակարգ գործի նաեւ Հայաստանում, պետք է ամրապնդել քաղաքացիների վստահությունը պոլիկլինիկաների ու ընտանեկան բժիշկների հանդեպ։ Դրա համար անհրաժեշտ է տարածել տեղեկություն այն մասին, որ դեպքերի մեծ մասում՝ հազվադեպ բացառություններով (օրինակ ինֆարկտի կամ ինսուլտի ժամանակ այնուամենայնիվ հիվանդանոց է պետք տանել) ընտանեկան բժիշկը կկարողանա օգնել հիվանդին, ու նրա մոտ բուժումը շատ ավելի էժան կլինի, քան հիվանդանոցում։ Իհարկե ընտանեկան բժիշկներն էլ իրենց հերթին պետք է բավականին բարձր որակավորում ունենան ու իրենց աշխատանքով վստահություն առաջացնեն իրենց հանդեպ, նշեց մասնագետը։