83 տարեկանում մահացել է մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) մեթոդի հայտնագործողներից, բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած բրիտանացի Փիթեր Մենսֆիլդը: Այս մասին հաղորդել է Նոթինգեմի համալսարանը:
Ժամանակին Մենսֆիլդը չի կարողացել հանձնել դպրոցական քննությունները եւ 15 տարեկանից սկսել է աշխատել տպագրատանը, այնուհետեւ գնացել զինվորական ծառայության: Բանակում երիտասարդը հետաքրքրվել է հրթիռաշինությամբ, անհրաժեշտ քննությունները տվել ու Լոնդոնում քոլեջ ընդունվել, որն ավարտելիս նա միջուկային մագնիսական ռեզոնանսի խնդիրների մասին գիտական աշխատանք է գրել:
Մենսֆիլդն ու ամերիկացի հետազոտող Փոլ Լոթերբուրգը միմյանց փոխլրացնող եւ զարգացնող հետազոտություններ եւ փորձեր են կատարում՝ նպատակ ունենալով ուսումնասիրել եւ կատարելագործել այս տեխնոլոգիան: Բացահայտման համար Նոբելյան մրցանակը շնորհվել է 2003 թվականին:
Բայց այս պատմության մեջ նաեւ երրորդ անձն է եղել՝ ամերիկացի գիտնական Ռեյմոնդ Վահան Դամադյանը, որին, սակայն, Նոբելյան մրցանակ չի շնորհվել: Դամադյանի «Կենտրոնացած դաշտային տեխնոլոգիան», ինչպես Վիքիպեդիայում է նշված, ավելի պակաս արդյունավետ է լինում, քան Մենսֆիլդի եւ Լոթենբուրգի մոտեցումը:






