Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքը` «ԳԱՎԻ»-ին, նախատեսում է 2017 թվականին  Հայաստանում դրամաշնորհային ծրագրով վերակառուցել եւ  վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ, ինչպես նաեւ իրականացնել  անցումային աջակցության  ծրագիր` ներդնելով 60.000 հազար ԱՄՆ դոլար։

Վերակառուցված պահեստներում հնարավորություն կստեղծվի տեղադրելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված սառնարան-սենյակները, որոնք հագեցված են ջերմային ռեժիմի շարունակական մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով:  

ԳԱՎԻ-ին Հայաստանին աջակցում է 2000 թվականից՝ երկրում նոր պատվաստանյութերի (Հեպատիտ Բ, հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ, ռոտավիրուսային, պնեւմակոկային, մարդու պապիլոմավիրուսային) ներդրման, ինչպես նաեւ պատվաստումային ծառայությունների օժանդակության ծրագրերով։

Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության եւ մանկական մահացության շարունակական նվազում: Վերջին տվյալներով` Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը չի գերազանցում 1%-ը։ 

Մեր երկրում արձանագրվող տնտեսական ցուցանիշների բարելավմամբ պայմանավորված` 2017 թվականին ավարտվում են ԳԱՎԻ-ի ծրագրերը։  Իմունականխարգելման ոլորտում արձանագրված ձեռքբերումների եւ ցուցանիշների կայունությունն ապահովելու համար դաշինքը Հայաստանին օժանդակում է անցումային դրամաշնորհային ծրագրով: