Եթե երեխայի մոտ օնկոլոգիական հիվանդություն է հայտնաբերվում, ծնողների ամբողջ ուշադրությունը սովորաբար կենտրոնանում է նրա վրա, եւ հաճախ նրանք մյուս երեխաների, հիվանդ երեխայի եղբայրների եւ քույրերի մասին մոռանում են, որոնք նման վճակում նույնպես առաջկցության եւ ուշադրության կարիք ունեն:
Օնկոհոգեբան Ալիսա Քամալյանի խոսքով՝ զարգացած երկրներում օնկոհիվանդությամբ երեխաների եղբայրներին եւ քույրերին շատ մեծ ուշադրություն է դարձվում. նրանց համար գոյություն ունեն խմբակային թերապիայի հատուկ մեթոդներ, հոգեբանների հետ աշխատանք եւ այլն: Հայաստանում, ցավոք, այդպիսի բան դեռեւս չկա՝ միայն որոշ կլինիկաներում են օնկոհոգեբաններն աշխատում հիվանդ երեխաների եւ նրանց ծնողների հետ, բայց մասնագետը հույս ունի, որ շուտով Հայաստան կթափանցի թերապիայի մեջ հիվանդների եղբայրներին եւ քույրերին ընդգրկելու մշակույթը:
Հոգեբանը նշեց, որ հիվանդ երեխաների եղբայրները եւ քույրերը հաճախ չեն հասկանում, թե իրենց ընտանիքում ինչ է կատարվում, եւ նրանց դա ոչ ոք չի բացատրում: Դրա հետեւանքով նրանք սկսում են անհանգստանալ, կասկածամիտ են դառնում, խնդիրների մասին են երեւակայում, որոնք իրականում գոյություն չունեն: Նրանք կարող են ծնողներից վիրավորվել, քմահաճություններ անել՝ ցանկանալով իրենց վրա ուշադրություն գրավել: Այս ամենը կարող է ընտանիքի մթնոլորտի վրա բացասաբար անդրադառնալ:
Մասնագետի կարծիքով՝ ծնողները պետք է բոլոր երեխաների՝ ե՛ւ հիվանդի, ե՛ւ նրա քույր-եղբայրների հետ պարտադիր խոսեն եւ նրանց իրավիճակը ճիշտ ներկայացնեն: Նրանք պետք է բացատրեն, թե երեխան ինչ հիվանդությամբ է հիվանդ, նրան ինչպիսի բուժում է պետք, ինչու պետք է նա հիվանդանոցում շատ ժամանակ անցկացնի: Նրանք նաեւ պետք է մյուս երեխաներին բացատրեն, թե ինչու իրենց, հնարավոր է, այնքան ուշադրություն չի հատկացվում, որքան արժանի են: Արժե, որ նրանք նաեւ պատմեն, թե իրենք ինչ կարող են անել եւ ինչպես իրենց պահեն, որ օգնեն հիվանդ եղբորը կամ քրոջը: Նման մոտեցումը կօգնի խուսափել ծնողների եւ երեխաների միջեւ թերասացությունից, թյուրըմբռնումից եւ անվստահությունից:






