Դիստրոֆիկների մահվան ռիսկն ավելի բարձր է, քան ճարպակալումով տառապող մարդկանց։ Այսպիսի եզրակացության են եկել կանադացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of Epidemiology and Public Health պարբերականում։
Մարմնի ցածր զանգվածի եւ մահվան բարձր ռիսկի միջեւ կապը գոյություն ունի ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ։ Ընդ որում այդ հավանականությունը չի նվազում, անգամ եթե մարդիկ չեն ծխում, չեն խմում, եւ քրոնիկ հիվանդություններ չունեն։
Գիտնականները վերլուծել են 51 հետազոտության տվյալներ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ անկախ տարիքից 18.5 ցածր Մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մարդկանց մահվան ռիսկը 1.8 անգամ բարձր է, քան նրանց, ում ՄԶԻ-ն նորմայի սահմաններում է (18.5-25.9)։ Համեմատության համար՝ ճարպակալումով տառապող մարդկանց (ՄԶԻ 30 - 34.9) մահվան ռիսկը 1.2 անգամ, իսկ ուժեղ ճարպակալումով մարդկանց (ՄԶԻ 35-ից բարձր) 1.3 անգամ բարձր է, քան նորմալ քաշ ունեցողներինը։
«ՄԶԻ-ն արտացոլում է ոչ միայն ճարպը, այլեւ մկանային զանգվածը։ Եթե մենք ուզում ենք բժշկության մեջ կիրառել ՄԶԻ ցուցանիշը, ապա մենք պետք է հասկանանք, որ առողջ մարդն այն մարդն է, ով ունի համապատասխան ճարպային շերտ եւ բավարար քանակությամբ մկան ու ոսկոր», - ասում է հետազոտության հեղինակ, բժիշկ Ջոել Ռեյը Տորոնտոյի St. Michael's հիվանդանոցից։ - «Եթե մենք կենտրոնանում ենք այն բանի վրա, որ օրգանիզմում պետք է նվազեցնել ճարպային շերտը, ապա մեզ անհրաժեշտ է ՄԶԻ ցուցանիշը փոխարինել որովայնի շրջագծի ցուցանիշով»։
Գիտնականները մարդկանց կոչ են անում հետեւել իրենց քաշին եւ կտրուկ փոփոխություններ թույլ չտալ՝ ոչ ավելանալու, ոչ էլ պակասելու առումով։






