ԱՄՆ-ում սրտանոթային հիվանդությունների դեպքերը աճում են տագնապահարույց տեմպերով։ Ակնկալվում է , որ մինչեւ 2035թ․ սրտային հիվանդությունների համար առողջապահական ծախսերը կկրկնապատկվեն ու կկազմեն 1․1 տրիլիոն դոլար։
Սրտի ամերիկյան ասոցացիայի տվյալներով, 2016-ին այդ ծախսերը կազմել են 555 մլրդ դոլար։ «Մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ ապագայում սրտանոթային հիվանդությունները կարող են սնանկացնել մեր երկրի տնտեսությունն ու առողջապահական համակարգը»,- ասել է ասոցացիայի նախագահ Սթիվեն Հաուզերը։ Մինչեւ 2035 թ․ ԱՄՆ բնակչության ընդհանուր թվաքանակի 45 տոկոսը՝ մոտ 131 մլն մարդ, տառապելու է սրտանոթային հիվանդությունների հետ կապակցված առնվազն մեկ առողջական խնդրով։
Սրտանոթային հիվանդությունները շատ ավելի արագ են տարածվում, քան առաջ էր ենթադրվում, հայտնել է Հաուզերը։ 2011-ին հետազոտողները կանխատեսել էին, որ մինչեւ 2030 թ․ ամերիկացիների մոտ 40 տոկոսը տառապելու է սրտի հիվանդություններից։ «Մենք սխալ էինք ու հասել ենք այդ մակարդակին արդեն 2015-ին, գրեթե 15 տարի շուտ, քան ակնկալում էինք»,- ասել է Հաուզերը, նշելով, որ 2015-ին ԱՄՆ բնակչության մոտ 41․5 տոկոսը սրտի խնդիրներ ուներ։






