Երեխաներին դպրոցական տարիքից է պետք բարեգործություն սովորեցնել։ «Ճանապարհորդություն հեքիաթների աշխարհ» բարեգործական համերգը, որի համար երեխաները իրենք են տոմսեր գնել՝ հենց բարեգործության դաս է երեխաների համար, չէ՞ որ վաճառված տոմսերից ստացված գումարները տրամադրվելու են «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որը օգնում է քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

«Երեխաներին դպրոցական տարիներից է պետք բարեգործություն սովորեցնել։ Կարեւոր չէ, ում եւ ինչպես (նրանք կօգնեն), կարեւոր է , որ երեխաները հասկանան ու զգան, որ բարեգործությունը գերագույն հաճույք է»,- ասել է առաջին տիկինը։

Նրա խոսքով, այս համերգը կազմակերպելու մտահղացումը հայտնվել է այն բանից հետո, երբ ինքը մի անգամ լսել է, թե ինչպես են երկրի մանկապարտեզներում երեխաները մանկական երգեր կատարում։ Դաստիարակչուհիները ասել էին, որ հայերեն լավ մանկական երգեր քիչ կան։ Այդտեղից էլ ծնվել է մտահղացումը ՝անել այնպես, որ նման երգերը շատանան։

«Մենք հիշեցինք, որ նորը լավ մոռացված հինն է։ Մենք հիշեցինք այն երգերը, որոնք սիրում էին այսօրվա երեխաների տատիկ- պապիկները։ Օգնության եկավ Ավետ Բարսեղյանը, որը այդ երգերը հայերեն թարգմանեց։ Հետո մեզ միացավ նաեւ Նարեկ Դուրյանը՝ հրաշալի սցենարով։ Ավելի ուշ մենք հասկացանք, որ այս նախագիծը կարող է բարության ու բարեգործության լավ դաս դառնալ»,- պատմել է Ռիտա Սարգսյանը։

Եվ այսպես, հայերեն թարգմանված՝ ավագ սերունդներին քաջ ծանոթ մանկական երգերը ստացան նոր գործիքավորում ու դարձան «Ճանապարհորդություն հեքիաթների աշխարհ» բարի պատմության մի մասը։ Եվ այս պատմությունը երեխա հանդիսատեսին ցույց տվեցին հենց երեխաները ՝ դերասաններ ու ու երգիչներ։ Իսկ վաճառված տոմսերից ստացված գումարները, ինչպես արդեն նշեցինք, տրամադրվել են «Նվիրիր կյանք» հիմնադրամին, որն օգնում է կազմակերպել չարորակ ուռուցքներով երեխաների բուժումը։

«Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ, պատգամավոր Արա Բաբլոյանն էլ իր հերթին լրագրողներին պատմել է, որ նման միջոցառումներ կազմակերպվում են նաեւ զարգացած երկրներում, օրինակ ԱՄՆ-ում, Նորվեգիայում ու Շվեյցարիայում։ Բանն այն է, որ երեխաների քաղցկեղային հիվանդությունների բուժումը բարդ ու ծախսաշատ է, ու նման բուժումը միայն պետական միջոցների հաշվին կազմակերպելը անհավանական բարդ է։ Հենց այդ պատճառով էլ բարեգործական հիմնադրամները նման կարեւոր դեր են կատարում՝ դրանց տրամադրած միջոցները օգնում են ավելի լիարժեք բուժում կազմակերպել։