Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը համաձայն չէ կարծիքին, որ «Դեղերի մասին» նոր օրենքը կարող է հանգեցնել դեղորայքի թանկացման: Նշենք, որ այս կարծիքին են Հայաստանի դեղագործական ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, քանի որ, ըստ նրանց, օրենքը ձեւականորեն թույլ է տալիս, բայց իրականում ամեն կերպ խորընդոտում է զուգահեռ ներկրմանը, ինչն էլ կարող էր հանգեցնել գների իրական նվազման:

Փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանելով այս կարծիքը՝ Հակոբ Թոփչյանը վստահեցրեց, որ նոր օրենքը չի կարող հանգեցնել եւ չի հանգեցնի գների բարձրացմանը, քանի որ այն «չի ազդում գնի վրա»:

«Դեղերի օրենքը ոչ մի թանկացում չպետք է առաջացնի եւ չի էլ առաջացնի, որովհետեւ գնի վրա չի ազդում։ Այն կարգավորելու է շրջանառությունը, շրջանառությունը դառնալու է վերահսկելի, թափանցիկ։ Այսինքն, եթե մենք ունենում ենք դեղի որակն ապահովող ամբողջ շղթան, որով դեղերի մասին օրենքը դեղը հասցնում է սպառողին, նշանակում է՝ մենք որակական ցուցանիշներ ենք ավելացնում։ Ինչ վերաբերում է գնային տատանումներին, նման բան չպետք է լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ դրան չի հանգեցնի նաեւ դեղորայքի մանրածախ եւ մեծածախ առեւտրի լիցենզավորման կարգը, քանի որ այն տարբեր տեսակների լիցենզիա է ենթադրում:

Հակոբ Թոփչյանը նաեւ հավելեց, որ դեռեւս «Դեղերի մասին» նոր օրենքի մշակման փուլում, Փորձագիտական կենտրոնի եւ առողջապահության նախարարության ջանքերի շնորհիվ, բազմաթիվ խոշոր դեղորայք արտադրողներ արդեն նվազեցրել են Հայաստանին մատակարարվող դեղերի գները: