«Վարչական իրավախախտումների մասին» օրենքի համաձայն՝ չգրանցված դեղեր պահելու եւ վաճառելու համար տուգանքներ են սահմանված, եւ դեղատներն այս մասով են տուգանվել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական առողջապահական տեսչության պետի պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է համարում դեղատներին այն դեղերի համար տուգանելը, որոնք նրանք օրինական հիմքերով են ձեռք բերել:
«Վարչական իրավախախտումների մասին օրենքը չի ասում, որ չգրանցված դեղը գտնելուց հետո պարզեք, թե ով է բերում։ Եթե դեղը գտնում ենք, պահելու եւ վաճառելու համար տուգանք է հասնում, որի համար նրանք տուգանվել են», – ասաց նա։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ստուգումներ չեն անցկացնում ներմուծող ընկերությունների պահեստներում, նա պատասխանեց, որ այդպես չէ, բայց հրաժարվեց կոնկրետացնել, թե հատկապես որ ընկերություններում են ստուգումներ կատարել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Առողջապահության պետական տեսչությունը դեղատներում ստուգումներ է անցկացրել եւ 6,780,000 դրամ ընդհանուր գումարով տուգանք նշանակել: Դեղատների մի մասը 100 հազար դրամով է տուգանվել՝ ըստ «Դեղերի մասին» հին օրենքի, իսկ այն դեղատներին, որտեղ տեսչությունը ստուգումներ է անկացրել դեկտեմբերի 15-ից հետո, տուգանել են ըստ նոր օրենքի: Մինչդեռ դեղատներում հայտնաբերված «չգրանցված» դեղերը նրանք հաշիվ-ապրանքագրերով ներմուծողներից են ձեռք երել: Մեր տեղեկություններով՝ ներմուծողների պահեստներում տեսչությունը ստուգումներ չի կատարել: Ի դեպ, ներմուծողները պնդում են, որ այդ դեղերը չգրանցված չեն, դրանք կան դեղերի պետական գրանցամատյաններում:






