Հեռուստաբժշկությունն ավելի արդյունավետ կիրառելու նպատակով առողջապահության նախարարությունը տարբեր մասնագիտությունների գծով մենթորներ կնշանակի, ովքեր պատասխանատվություն կրելով մարզերում իրենց ոլորտի ծանր հիվանդների բուժման համար, մշտապես հսկողության տակ կպահեն նրանց բուժման ընթացքը, կտան անհրաժեշտ խորհրդատվություն եւ այդ մասին ժամանակ առ ժամանակ հաշվետվություն կներկայացնեն։ Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախրար Լեուն Ալթունյանը Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանի հետ հանդիպման ժամանակ։

«Մենթորական ինստիտուտը կներդնենք նաեւ մասնագետների շարունակական զարգացման համակարգում»,-նշել է նախարարը։

Կարեւորելով երկու երկրի առողջապահության ոլորտում համագործակցության արդյունավետությունն ու ընդլայնումը, դեսպանը հետաքրքրվել է հնդկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում եւ առաջին հերթին մարզային բուժհիմնարկներում հեռուստաբժշկության ներդրման ծրագրի արդյունքներով։

Դեսպանին տեղեկացվել է, որ համակարգը գործում է, մարզային բժշկական հաստատությունները հատկապես ծանր հիվանդների բուժման ռազմավարությունն ընտրելու նպատակով ստանում են մայրաքաղաքի առաջատար մասնագետների խորհրդատվությունները։ Ավելին` հնարավորություն է ստեղծվել, որպեսզի միմյանց հետ խորհրդակցեն նաեւ մարզային տարբեր հիվանդանոցների բժիշկները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել միասին այցելել մարզեր եւ տեղում ծանոթանալ հեռաբժշկության համակարգի կիրառմանը, ինչպես նաեւ քննարկել այն զարգացնելու հնարավորությունները։

Լեւոն Ալթունյանը կարեւորել է համագործակցությունը առողջապահության միջին օղակի կազմակերպիչների ներգրավման, դեղերի արտադրության եւ այլ ոլորտներում։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։