Ռուսաստանի տարբեր մարզերում գրիպի եւ ՍՇՎ-ի պատճառով փակում են դպրոցները: Մորդովիայում հարկադիր արձակուրդի են ուղարկել 20 դպրոցների աշակերտների, մեծ մասը՝ Սարանսկում: Դասարաններում աշակերտների 20%-ը հիվանդ է: Հանրապետության եւս երկու տասնյակ դպրոցներում էլ առանձին դասարաններ են փակել. դրանց թիվն ավելի քան հարյուր է: Չեն աշխատում նաեւ որոշ մանկապարտեզների խմբեր, որտեղ նույնպես հիվանդացածության աճ է նկատվել:

Իրավիճակը նույնն է Բրյանսկում: Ռուսական Առաջին ալիքի փոխանցմամբ՝ գրիպի պատճառով կարանտինի հետ կապված 10 դպրոցներում դասերը դադարեցվել են. անցյալ շաբաթ դրանց թիվը չորսն էր: Բժիշկների տեղեկացմամբ՝ հիվանդների մեծ մասը երեխաներ են, որոնք ժամանակին պատվաստում չեն ստացել:

Մերձմոսկվայում էլ չեն աշխատում մանկապարտեզների տասնյակ խմբեր եւ 82 դասարան: Հիմնականում դրանք Սերպուխովսկի, Կոլոմենսկի, Դմիտրովի եւ Մոսկվայի մարզի այլ շրջանների դպրոցներ են:

Ըստ «Ռոսբալտ»-ի՝ փետրվարի 11-17-ը Մոսկվայի մարզում գրիպի 51 եւ ՍՇՎ-ի 66.111 դեպք է արձանագրվել: