2013 թվականի տվյալներով՝ Հայաստանում 25,8 տոկոսով ավելացել է դեղամիջոցների արտադրությունը եւ 29,7 տոկոսով՝ հայրենական արտադրության դեղամիջոցների արտահանումը: Այս մասին դեղագործական ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» 5-րդ հանդիպման ժամանակ, որն անցնում է Աղվերանում  մարտի 29-30, լրագրողներին հայտնել է Դեղարտադրողների եւ արտահանողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:

Այդ հանդիպումները տեղի են ունենում տարին երկու անգամ: Ոչ պաշտոնական մթնոլորտում, կլոր սեղանի շուրջ են հավաքվում մի կողմից մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ դեղարտադրողներ եւ արտահանողներ, մյուս կողմից պետական կառույցների ներկայացուցիչներ: Քննարկվում են ոլորտին վերաբերող արդիական հարցեր:

Այս անգամ հանդիպման գլխավոր հարցն էր Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու պայմաններն ու հետեւանքները, թե ինչպես դա կարող է ազդել հայ դեղագործների գործունեության վրա: «Այստեղ կան ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Ինչ-որ բան անհայտ է, եւ մենք պետք է փորձենք հասկանալ դա: Մենք արդեն ուսումնասիրել ենք մաքսատուրքերի չափերը, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները եւ պաշտոնապես էկոնոմիկայի նախարարին առաջարկել, որ հաշվի առնվեն եւ տեղական սպառողի, եւ տեղական արտադրողի շահերը: Մենք առաջարկում ենք մաքսատուրքերը թողնել նախկինը, այսինքն՝ զրոյական»,-ասել է Զաքարյանը:

Կլոր սեղանին ներկա էր առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, որը մոտ ժամանակներս պետք է բանակցություններ վարի ՄՄ-ի ներկայացուցիչների հետ: Ինչպե՞ս կազդի Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին մեր երկիր ներմուծվող դեղամիջոցների վրա, հաշվի առնելով, որ թեեւ ՄՄ-ի անդամ երկրների արտադրության դեղամիջոցների մաքսատուրքերը ՄՄ-ի տարածքում շատ ցածր են, բայց եվրոպական երկրներից ներկրվող դեղամիջոցների դեպքում՝ բարձր:

Առողջապահության նախարարը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այդ կարգի հարցեր ՄՄ-ի շրջնակներում դեռ չեն քննարկվում, խոստանալով անպայման ի գիտություն ընդունել այդ ոլորտի հայ արտադրողների կարծիքը: Իհարկե, որոշ խնդիրներ չեն բացառվում, բայց մյուս կողմից, տեղական արտադրողների համար հնարավորություն կստեղծվի առանց խոչընդոտների իրենց արտադրանքն արտահանել Մաքսային միության երկրներ՝ գրավելով այդ լայն շուկայական տարածքը, ինչն առավել իրատեսական է, քան փորձել գրավել այդ ոլորտում զարգացած եվրոպական շուկան: