Օրերս ՀՀ առողջապահության նախարարության կողմից հայտնաբերված կեղծ դեղերից մեկը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության արտադրության Պրեստանս 5մգ/10մգ, 5մգ/5մգ, 10մգ/5մգ դեղերն են եղել:

Կարեւորելով ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բուժման որակը եւ արդյունավետությունը` ՀՀ առողջապահության նախարարությունը «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հետ համատեղ ձեռնարկել է միջոցառում, ըստ որի` բոլոր այն քաղաքացիները, ովքեր գնել են 7 սերիական նիշ պարունակող «Պրեստանս» դեղեր, 15-օրյա ժամկետում կարող են դիմել պատկան մարմիններին (Երեւանում` ՀՀ առողջապահության նախարարություն (հեռ. 010 52 27 21), մարզերում` մարզպետարանների առողջապահության վարչություններ)` ներկայացնելով դեղի տուփը եւ անձը հաստատող փաստաթուղթ:

Դեղի կեղծ նմուշները բնակչությունից հետ հավաքելուց հետո` կտրամադրվի նույն դեղաչափով օրիգինալ «Պրեստանս» դեղը: Գործընթացը կտեւի մինչեւ մարտի 20-ը: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։