«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի աշխատակիցները արդեն չեն հիշում, թե երբ են վերջին անգամ նորմալ աշխատավարձ ստացել՝ հավելավճարների հետ միասին: Այնպիսի աշխատավարձ, որը կբավականացներ կենսական կարիքների եւ վարկերի մարման համար: Մեկն ասում է՝ 2016-ի հունվարին էր վերջին այդպիսի աշխատավարձը, մյուսն ասում է՝ դեռեւս 2015-ին:
Վերջերս բուժաշխատողներին բոնուսների վճարումը դադարեցնելը պաշտոնական դարձավ՝ համացանցում հայտնվեց բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի ստորագրած հրամանը՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Նկատի ունենալով «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ-ում առկա ծանր ֆինանսական իրավիճակը` հրամայում եմ` 2017 թվականի 26. 01-ից ժամանակավորապես դադարեցնել (անորոշ ժամկետով) «Արմենիա» ՀԲԿ ՓԲԸ բժշկական բոլոր բաժանմունքների բժիշկների, կրտսեր եւ միջին բուժանձնակազմի աշխատողների աշխատավարձի, տարբեր հրամաններով սահմանված հավելավճարների վճարումը»:
Բժշկի եւ միջին ու կրտսեր օղակի անձնակազմի աշխատավարձը կախված է աշխատած ժամերի քանակից: Այդ գումարը մեծ չէ՝ այն չի բավականացնում նույնիսկ երկու անդամից կազմված ընտանիքը պահելուն: Սակայն այս գումարին հավելավճարներ էին ավելանում՝ հիվանդներից ստացված եկամուտներից տոկոսներ: Հավելավճարներով բուժաշխատողի աշխատավարձը քիչ թե շատ ընդունելի էր դառնում: Հիվանդների հետ շատ աշխատող, մեծ թվով վիրահատություններ կատարող բժիշկներն ամսվա վերջին լավ հավելավճարներ էին ստանում, եւ դա նրանց շատ աշխատելու եւ հիվանդանոց նոր հիվանդներ բերելու մոտիվացիա էր տալիս:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ԲԿ-ում աշխատող բժիշկները խոստովանեցին, որ եթե բոլոր բժիշկները, անկախ նրանից, թե որքան կաշխատեն, պետք է միանման ցածր աշխատավարձ ստանան, ապա աշխատելն ի՞նչ իմաստ ունի:
«Եթե օրական մի քանի վիրահատություն կատարող բժիշկը պետք է այնքան ստանա, որքան նա, ով պարզապես կաբինետում նստած է եւ գրեթե ոչ մի բան չի անում, ոչ մեկը հիվանդների հետ աշխատելու մոտիվացիա չի ունենա», - անկեղծացավ ԲԿ-ի աշխատակցուհիներից մեկը:
Մեկ ուրիշ բժիշկ նշեց, որ աշխատավարձն էլ ինչ-որ կերպ են վճարում. օրինակ՝ դեկտեմբերի աշխատավարձը վճարել են միայն այն բանից հետո, երբ սոցցանցերում նշված հրամանի մասին արձագանքներ հայտնվեցին: Մյուս խնդիրն այն է, որ իրենց աշխատավարձը չի փոխանցվում բանկային հաշվին, հետեւաբար՝ վճարումների ժամանակին կատարելը վերահսկելը շատ դժվար է: Ինչ վերաբերում է հավելավճարներին, դրանք, բժշկի խոսքով, նորմալ չեն վճարում անցյալ տարվա փետրվարից: Ամբողջ 2016 թվականի ընթացքում բուժաշխատողները միայն 4 անգամ են հավելավճարներ ստացել:
Ըստ որում՝ հավելավճարների չվճարումը կլինիկայի ղեկավարությունը պատճառաբանում է, որ Առողջապահության նախարարությունը պետպատվերի փողերը չի փոխանցում: Սակայն պետպատվերը կլինիկայի եկամտի միակ աղբյուրը չէ, եւ եթե որոշ բժիշկներ վճարովի հիվանդներ շատ են ունեցել, նրանք կարող էին նրանց վճարումներից գոնե իրենց հասանելիք տոկոսները ստանալ:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մեկ ուրիշ բժիշկ նշեց, որ իրեն ամենից շատ մտահոգում է «անորոշ ժամանակով» արտահայտությունը:
«Եթե իմանայինք, որ, օրինակ, ապրիլից կստանանք հավելավճարները, մենք ավելի հանգիստ կլինեինք: Իսկ այսպես անհասկանալի է, թե ինչ անենք», - ասաց նա:
Արդյոք բժշկական կենտրոնում տեղի ունեցողը կապվա՞ծ է առաջիկա ընտրությունների հետ՝ այս հարցի շուրջ բուժաշխատողները չցանկացան դատողություններ անել, առավել եւս, որ հավելավճարներն իրենց նորմալ չեն վճարում դեռեւս անցյա տարվանից: Սակայն հարկ է նշել, որ ԲԿ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Գրիգորյանը ՀԱԿ կուսակցության ընտրական ցուցակում է:
Ի՞նչ է բժշկական կենտրոնում, այնուամենայնիվ, տեղի ունենում: Որտեղի՞ց են ծագել այս ֆինանսական խնդիրները եւ ո՞ւր են ուղղվելու բուժաշխատողների հավելավճարների հաշվին տնտեսած միջոցները: Այս հարցերը պարզելու համար NEWS.am Medicine-ի թղթակիցը փորձեց կապվել ԲԿ-ի գլխավոր տնօրենի հետ, ով ստորագրել է նշված հրամանը: Սակայն մեր թղթակցին պատասխանեց մի երիտասարդ՝ սիրալիորեն տեղեկացնելով, որ «Գրիգորյանն այժմ Հայաստանում չէ»: Որտեղ է՝ անհայտ է: Երբ կվերադառնա՝ ոչ ոք չգիտի: Նրա փոխարեն հարցերին պատասխանելու լիազորված անձինք չկան:
Մինչ տնօրենը «Հայաստանում չէ», առավել տաղանդավոր բուժաշխատողները, հանուն որոնց շատ հիվանդներ «Արմենիա» էին գալիս, արդեն հավանաբար նոր աշխատանք են փնտրում, եւ ամենայն հավանականությամբ կգտնեն, քանի որ լավ բժիշկներին եւ բուժքույրերին ամենուր գրկաբաց կընդունեն: Նրանք, որոնք կլինիկայում կմնան, ստիպված կլինեն եղանակներ փնտրել փող ստանալ դրամարկղը շրջանցելով կամ հույսը դնելով հիվանդներից ստացած «կաշառքի» վրա: Տեղի ունեցողն ինչպե՞ս կազդի կլինիկայի առանց այն էլ ծանր ֆինանսական վիճակի վրա՝ դժվար չէ պատկերացնել:
P.S.
«Արմենիա» ԲԿ-ի պետպատվերի չափը 2017 թվականին կկազմի 1,73 մլրդ դրամ, արդեն 330 մլն փոխանցվել է: Ավելի շատ են ստանում միայն «Գրիգոր Լուսավորիչ» եւ «Էրեբունի» ԲԿ-ները:
P.P.S.
Կարելի էր մտածել, որ հիվանդանոցում բոնուսները չեն վճարում,բայց դրա փոխարեն ներդրումներ են արվում։ Բայց ոչ՝ որոշ բաժանմունքներում քեզ հետապոկալիպտիկ պատմության հերոս ես զգում։

















