Ենթադրվում է, որ «Դեղերի մասին» օրենքի նորամուծությունը կլինի, այսպես կոչված, զուգահեռ ներմուծումը, որի նպատակը դեղամիջոցների ձեռքբերումն ավելի հասանելի դարձնելն է: Այսինքն, ներմուծողը կարող է այս կամ այն երկրի համար նախատեսված դեղեր գնել, որտեղ գներն առավել հասանելի են ձեռք բերվող քանակի հաշվին եւ ներմուծել դրանք Հայաստան: Իհարկե, դա հնարավոր է, եթե դեղամիջոցը հայերեն ներդիր ունենա:

Զարգացած երկրները չեն ողջունում գնման նման մեխանիզմը, համարելով, որ այդ դեպքում մեծանում է կեղծման հավանականությունը: Այդ հարցերն են քննարկվել դեղագործական ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» 5-րդ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել մարտ 29-30-ին, Աղվերանում:

«Որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է խստացնենք վերահսկողությունը դեղերի որակի նկատմամբ, ավելի զգոն լինենք, քան երբ դրանք ձեռք ենք բերում արտադրողից: Դա իհարկե, կավելացնի լաբորատորիաների աշխատանքի ծավալը, բայց մենք ռեսուրսներ ունենք եւ այդտեղ խնդիրներ չեմ տեսնում: Մենք կողմ ենք բոլոր միջոցներին, որոնք նվազեցնում են գները»,-վստահեցրել է  առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը լրագրողների հետ զրույցում:

Ենթադրվում է խստացնել վերահսկողությունը նաեւ դեղատների նկատմամբ: Բուժհաստատությունների նման, դեղատները նույնպես բաժանված են երեք կատեգորիաների, որտեղ շեշտը պետք է դրվի դեղերի որակի, գնի եւ սպասարկող անձնակազմի վրա: «Մենք պետք է այնպես անենք, որ դեղատները ձգտեն կատեգորիա ստանալ, որովհտեւ դա կնպաստի նրանց գովազդին բնակչության շրջանում»,-ասել է նախարարը:

Մնում է հույս ունենալ, որ չափորոշիչները, որոնց հիման վրա դեղատները «աստղեր» են ստանալու, դրական առումով կտարբերվեն հյուրանոցների «աստղայնությունից», հատկապես գների առումով:

Այսօր Հայաստանում գրանցված է 1700 դեղատուն, որոնց կեսը՝ Երեւանից դուրս։