Ներկայում էլեկտրոնային առողջապահության համակարգում ներբեռնում են միայն պետպատվերի տվյալները, բայց երկրորդ փուլով այստեղ կներառվեն բոլոր լիզենցավորված բուժծառայությունները: Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դա կարող է տեղի ունենալ արդեն 2017 թվականի վերջին:

Խոսելով այն մասին, որ մասնավոր կլինիկաները կարող են դեմ լինել իրենց գործունեության մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելուն, քանի որ դա կոմերցիոն գաղտնիք է, Սամվել Մարգարյանը նշեց, որ դա պետական քաղաքականություն է, եւ այստեղ կողմ ու դեմ լինել չի կարող:

«Այո, մենք տեղեկատվություն կստանանք, ինչպես հարկային ծառայությունը կամ ոստիկանությունը: Մենք կոմերցիոն կառույց չենք, իսկ խաղի կանոնները պետությունն է սահմանում: Հիմա այսպիսի կանոններ են սահմանվում. բուժծառայությունները պետք է հաշվառվեն: Ի՞նչ է նշանակում կոմերցիոն գաղտնիք: Ինչ է, պետությունը դրանք հրապարակելո՞ւ է»,- նշեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ այս ամենում դրականն այն է, որ առողջապահության նախարարությունն ի վերջո գործուն գործիք է ստանում՝ հանրային առողջապահության բարելավման իր հիմնական առաքելությունն իրականացնելու համար: Եվ բիզնեսի համար ռիսկեր այստեղ չեն տեսնում:

«Այսինքն՝ վիճակագրություն է հավաքվում։ Առանց վիճակագրության մենք ընդամենը կմնանք փող բաժանող հիմնարկ, որն ինքնանպատակ պետպատվեր է անում։ Լրջագույն գործիք է վիճակագրական վերահսկողությունը։ Սխալ է մտածողությունը, որ պետությունն ամեն ինչով ուզում է խանգարել»,- ասաց նա:

Սամվել Մարգարյանը հավելեց, որ eHealth-ում (www.armed.am) ներբեռնվող ամբողջ տեղեկատվությունը կարող է վերափոխվել վերլուծական ձեւաչափի, եւ դրա հիման վրա կարող է նաեւ հաշվետվություն պատրաստվել: Մասնավորապես, արդեն այս տարվա ապրիլից, երբ պետպատվերն ամբողջությամբ իրականացվի eHealth-ի միջոցով, Առողջապահության պետական գործակալություն ներկայացվող հաշվետվությունների գործող էլեկտրոնային, ինչպես նաեւ թղթային տարբերակների կարիք այլեւս չի լինի: Ժամանակի ընթացքում կվերանա նաեւ բուժհաստատությունների ներսում թղթաբանության  անհրաժեշտությունը:

Փոխնախարարը նշեց, որ այս ծրագրի ներդրմամբ մասնավոր բուժհաստատությունները մեծ բոնուսներ են ստանում: Ինքնուրույն իրենց համար նման համակարգ ներդնելու համար նրանք ավելի մեծ գումար կծախսեին: Իսկ այս պարագայում նրանք անվճար բարձրորակ էլեկտրոնային համակարգ են ունենում: Իսկ եթե որեւէ բուժհաստատություն արդեն ունի իր համակարգը, պարզապես կարող է այն միավորել eHealth-ի հետ:

«Յուրաքանչյուր հիվանդանոց իր համար կարող է ստանալ ամբողջ վիճակագրությունն ու բոլոր հաշվետվությունները: Կարող են կապել հաշվապահության հետ, իրենց մենեջմենթն իրականացնել: Այսինքն՝ կբարձրանա ոչ միայն ամբողջ համակարգի, այլեւ յուրաքանչյուր առանձին հաստատության կառավարելիությունը: Իսկ դա կհանգեցնի արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Սամվել Մարգարյանը՝ հավելելով, որ արդյունքում www.armed.am կայքում կտեղադրվեն բոլոր կլինիկական ուղեցույցները, էլեկտրոնային դեղատոմսերի ձեւաթղթերը, իսկ դեղորայքի մասին ամբողջ տեղեկատվությունը կհամապատասխանեցվի դեղորայքի ռեգիստրին:

«Էլեկտրոնային առողջապահությունն ի վերջո բազմաթիվ հարմարություններ է ստեղծելու: Վերանալու է բազմաթիվ տեղերում նույն տեղեկությունը մուտքագրելու, անվերջ թղթային մատյաններ, թղթաբանություն վարելու անհրաժեշտությունը։ Ես աշխատել եմ հիվանդանոցի լոգիստիկայում, չեք պատկերացնում՝ ինչ ահռելի քանակությամբ թղթային կրիչների վրա ինֆորմացիայի տեղաշարժ է։ Հիմա ուղեգիրը ձեռքով վերցնում եք, հետո մի չորս-հինգ տեղ կնիք պետք է դնեն՝ տարբեր գույների ու երկրաչափական ձեւերի։ Հիմա այդ ամենը լինելու է մի տեղ, աշխատելու է մի պատուհանի սկզբունքով։ Եվ հարկ չի լինելու հիվանդության պատմությունը տարբեր տեղերից հավաքել։ Այս ամենը բոնուսներն են, որոնք տալու է այս համակարգը։ Այսինքն՝ ենթադրվում է զրո թղթի ձգտող հիվանդանոց»,- ամփոփեց նա: