Սոճու հանուկն (էքստրակտ) օժտված է հակաքաղցկեղային հատկություններով եւ կարող է մարդու մարմնի հյուսվածքները ծերացումից պաշտպանել, նշված է Oncotarget ամսագրում հրապարակված ռուսաստանցի գիտնականների հետազոտության մեջ:

Վերջին տարիներին գիտնականներն ակտիվորեն փորձում են քաղցկեղի եւ այլ հիվանդությունների դեմ պայքարելու նոր մեթոդներ գտնել՝ օգտագործելով բնական «դեղատոմսերը»: Օրինակ՝ վերջերս Մոսկվայի ֆիզիկատեխնիիկական ինստիտուտի աշխատակիցները Դոլգոպրուդնիում սովորական մաղադանոսի եւ սամիթի մեջ մոլեկուլներ են գտել, որոնք կարող են դրվել քաղցկեղի դեմ արդյունավետ դեղամիջոցների հիմքում: Այս տարվա հունվարին կենսաբանները դրանք պրակտիկայում կիրառելու առաջին քայլն են կատարել՝ դրանց նման նյութ ստեղծելով, որը ոչնչացնում է քաղցկեղի այն տարատեսակները, որոնց վրա քիմիաթերապիան չի ներգործում:

Ռուսաստանի ԳԱ Մոկվայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտից Ալեքսեյ Մոսկալեւը՝ Մոսկվայի ֆիզիկատեխնիիկական եւ այլ ինստիտուտների գիտնականների հետ առաջարկում է նման «բուժական» բույսերի թվին ավելացնել նաեւ սոճին, որի հանուկն օժտված է մի շարք օգտակար հատկություններով:

Գիտնականների խոսքով՝ սոճու հանուկը պարունակում է մեծ քանակությամբ տերպեններ՝ բուրավետ ածխաջրածիններ, որոնք հատուկ բույր ունեն եւ բույսը պաշտպանում են վնասատուներից ու հիվանդություններից: Վերջին փորձերը ցույց են տվել, որ տերպեններից շատերը հակաքաղցկեղային ուժեղ հատկությամբ են օժտված, ինչը Մոսկալեւին եւ նրա գործընկերներին ստիպել է ստուգել՝ արդյոք նույն հատկությունները չկա՞ն սոճու հանուկում:

Այս նպատակով գիտնականները պատրաստել են մաշկի ծերացած բջիջների մի քանի կուլտուրաներ, նաեւ ենթաստամոքսային գեղձից եւ հաստ աղիի ուռուցքներից վերցված քաղցկեղային բջիջների, եւ դրանք մշակել են սոճու հանուկով:

Փորձերը ցույց են տվել, որ տերպենային մոլեկուլները սոճու հանուկում նկատելիորեն փոխել են այս կամ այն կուլտուրաներում գեների աշխատանքը: Դրանք երիտասարդացրել են մաշկի ծերացած բջիջները եւ պաշտպանել են սթրեսից, իսկ քաղցկեղային բջիջներում միացրել են «ինքնաոչնչացման» գեները: Ընդհանուր առմամբ, փոխվել է մոտ 100 գենի աշխատանքը, ըստ որում՝ որքան բջիջները ծեր են եղել, այնքան այս փոփոխություններն ուժեղ են արտահայտվել:

Հեղինակների կարծիքով՝ նման արդյունքները վկայում են սոճու հանուկը ոչ միայն հիվանդությունների եւ բորոբոքումների, այլեւ քաղցկեղի եւ ծերացման հետեւանքների դեմ պայքարում օգտագործելու հնարավորության մասին: