Հայաստանում հակաբիոտիկները պետք է դուրս գրվեն միայն բժշկի դեղատոմսով եւ միայն անալիզներ կատարելուց հետո, որոնք կհաստատեն հիվանդի մոտ բակտերիալ ինֆեկցիայի առկայությունը, որը զգայուն է կոնկրետ հակաբիոտիկի նկատմամբ: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ֆրանսիայի Bayer Consumer Health-ի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Խաչատուր Աբրոյանը:

Դեղագործը նշեց, որ բոլոր դեղերը կարելի է բաժանել 2 կարգի՝ դեղեր, որոնք դեղատոմսով են բաց թողնվում, եւ դեղեր, որոնք կարելի է առանց դեղատոմսի գնել: Ֆրանսիայում, որտեղ դեղագործն աշխատում է, անհնար է առանց դեղատոմսի գնել այն դեղերը, որոնք միայն դեղատոմսով են բաց թողնում: Ավելին՝ այնտեղ դեղատնից անհնար է նույնիսկ ներարկիչ գնել, քանի որ համարվում է, որ ներարկում պետք է կատարեն մասնագետները՝ բուժհաստատություններում, իսկ տանը մարդիկ ներարկիչի կարիք չունեն: Դեղատնից անհնար է ձեռք բերել նաեւ այն դեղերը, որոնք պետք է ներարկմամբ ստանալ՝ դրանք կան միայն բուժհաստատություններում: Ինչ վերաբերում է հակաբիոտիկներին, ապա, մասնագետի խոսքով, Ֆրանսիայում հակաբիոտիկներ չափազանց հազվադեպ են նշանակում, միայն ամենածայրահեղ դեպքերում: Եվ հիվանդը չի կարող ինքնուրույն որոշել, որ իրեն հակաբիոտիկ է պետք, եւ այն դեղատանը գնել:

Հայաստանում առայժմ նման մոտեցում չկա. չնայած «Դեղերի մասին» նոր օրենքը դեկտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել, դեղատներում դեռեւս կարելի է հակաբիոտիկներն առանց բժշկի դեղատոմսի գնել: Դա բերում է նրան, որ շատ մարդիկ այն գնում եւ ընդունում են առանց անհրաժեշտության: Հաճախ մարդիկ, օրինակ, գրիպի ժամանակ հակաբիոտիկներ են խմում, չնայած գրիպը վիրուսային հիվանդություն է, իսկ հակաբիոտիկները կարող են արդյունավետ լինել միայն բակտերիաների դեմ: Ավելին՝  որոշ մարդիկ առանց որեւէ անհրաժեշտության երեխաներին են հակաբիոտիկներ տալիս՝ «բարդությունների պրոֆիլակտիկայի» համար:

Նիշեցնենք, որ հակաբիոտիկների սխալ օգտագործումը բերում է հակաբիոտիկակայունության տարածմանը: Շատ մասնագետներ նշում են, որ եթե հակաբիոտիկակայունությունը շարունակի ներկայիս տեմպերով տարածվել, մոտ ապագայում մենք կրկին կհայտնվենք առանց հակաբիոտիկների աշխարհում՝ ամենասովորական ինֆեկցիաները դարձյալ կսկսեն հարյուր հազարավոր մարդկանց սպանել:

Այսպիսով, սխալ եւ առանց անհրաժեշտության հակաբիոտիկներ ընդունելով՝ մարդը ոչ միայն  իր առողջությունն է վնասում, այլեւ իր ավանդն է ներդնում հայաբիոտիկակայունության տարածման մեջ, որն ամբողջ աշխարհում գլոբալ խնդիր է դառնում: Իսկ առանց բժշկի հետ խորհրդակցելու անհնար է հակաբիոտիկները «ճիշտ» ընդունել, քանի որ հիվանդն առանց հատուկ անալիզներ կատարելու չի կարող իմանալ՝ իր մոտ ինֆեկցիան բակտերիալ է, թե ոչ, եւ եթե այո, ապա այդ բակտերիան հատկապես որ հակաբիոտիկների նկատմամբ է զգայուն: