Հայաստանում էլեկտրոնային առողջապահության eHealth համակարգի ներդրումը կօգնի ապահովել առողջապահության ոլորտի թափանցիկությունը ու նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը։ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ է հայտնել էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հարցերով՝ Առողջապահության նախարարությանն առընթեր հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը։

Նրա խոսքով, այդ համակարգի շնորհիվ հիվանդները հնարավորություն կստանան վերահսկել ստացվող բուժծառայությունների ֆինանսավորումը՝ մտնելով իրենց eHealth էջ, հիվանդը կկարողանա տեսնել, թե ինչ հետազոտություններ, խորհրդատվություններ կամ վիրահատություններ են իրեն արվել այս կամ այն բուժկենտրոնում ու ով է դրա համար վճարել՝ ինքը, թե պետությունը։Երբեմն հիվանդնեը դժգոհում են, որ ստիպված են վճարել բուժծառայությունների համար, որոնց համար նրանց կարծիքով, արդեն պետությունն է վճարել, իսկ eHealth -ի ներդրումով ցանկացած վճարում պաշտոնապես կընդգրկվի հիվանդի էջում ու եթե պետությունը իրոք վճարել է հիվանդի բուժման համար, նա կկարողանա համոզվել դրանում ու կրկնակի չվճարել ։

Բացի դրանից, նոր համակարգը կօգնի ավելի լավ վերահսկել պետպատվերի բաշխումը՝ բուժկենտրոնները չեն կարողանա խաբեությամբ պետությունից փող ստանալ այն ծառայությունների համար, որոնք չեն տրամադրել։ Վարդան Գեւորգյանը բացատրեց, որ եթե բուժկենտրոնը 2 հետազոտություն է արել հիվանդին, որի համար նախատեսված է պետպատվեր, այն չի կարող պետությունից պահանջել վճար 3 հետազոտության համար, չէ՞ որ արված աշխատանքի մասին ամբողջ տեղեկությունը կերեւա հիվանդի էջին։

Նշենք, որ հիմա էլեկտրոնային առողջապահության համակարգում ներդրվում են միայն պետպատվերի մասին տվյալները, բայց երկրորդ փուլում՝ այս տարվա հոկտեմբերից, այնտեղ կներառվեն նաեւ բոլոր արտոնագրված բժշկական ծառայությունները ։ Այս պահին համակարգում արդեն ներբեռնվել է տեղեկություններ 480 բուժհաստատությունների մասին, որոնք տրամադրում են պետպատվեր ու այնտեղ աշխատող բժիշկների մասին։ Կա նաեւ ինտերակտիվ քարտեզ, որը ցույց է տալիս բուժհաստատությունների գտնվելու վայրը Երեւանում ու երկրի մարզերում։

ԱՆ տվյալներով, վերջին հաշվով բոլոր տեսակի ծառայությունները ՝ անկախ ֆինանսավորման տեսակից՝պետական, թե մասնավոր, պետք է մուտքագրվեն համակարգ։ Դա հնարավորություն կտա յուրաքանչյուրին ունենալ հիվանդության իր ամբողջական պատմությունը։ Էլեկտրոնային էպիկրիզը հասանելի է լինելու բոլոր քաղաքացիներին ցանկացած վայրում ու ցանկացած պահի ՝ www.armed.am կայքում։ ԱՆ-ն վստահեցնում է, որ այդ տվյալների պաշտպանությունն ու գաղտնիությունը ամբողջովին երաշխավորված են։

Հիմա կայք հնարավոր է մուտք գործել միայն նույնականացման քարտի առկայության դեպքում ու դրա համար պետք է հատուկ ռիդեր։ Սակայն բուժկենտրոնների ու բժիշկների մասին տեղեկությունները հասանելի են բոլորին։