Բրիտանացի Ադամ Էլդերսոնը կարողացել է նորմալ կյանքի վերադառնալ  միանգամից մի քանի օրգան հեռացնելուց եւ փոխպատվաստելուց հետո:  Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա նման չորրորդ դեպքն է աշխարհում:

2013 թվականին Ադամի մոտ քաղցկեղի հազվագյուտ տեսակ են հայտնաբերել՝ որովայնի պսեւդոմիքսոմա: Այս հիվանդության դեպքում չարորակ բջիջները տարածվում են որովայնի ամբողջ խոռոչով մեկ, եւ բժիշկներն Ադամին առավելագույնը երկու տարվա կյանք են տվել՝ հրաժարվելով վիրահատել նրան:

Դրանից հետո բրիտանացին սկսել է մասնագետների փնտրել, որոնք կկարողանային իրեն օգնել: Նա գտել է վիրաբույժ Բրենդոն Մորանին, ով համաձայնել է էքսպերիմենտալ վիրահատություն կատարել: Բրիտանացուն վիրահատել են 2015 թվականին, այն 17 ժամ ժամ է տեւել՝ 30 հոգանոց բժիշկների խմբի մասնակցությամբ:

Վիրահատության ժամանակ քաղցկեղով ախտահարված 9 օրգան է հեռացվել՝ ընդհանուր 10 կգ քաշով: Դրանց մեծ մասը վիրաբույժները փոխարինել են դոնորական օրգաններով:

Հիմա Էլդերսոնն իրեն միանգամայն նորմալ է զգում: Նա վերադարձել է  բնականոն կյանքի եւ պատրաստվում է ամուսանանալ ու մասնակցել ավտոարշավի:

«Ցանկանում եմ ցույց տալ, թե որքան կարեւոր է երբեք չհանձնվելը, եւ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ ռիսկի գնացին: Այն արդարացրեց: Ես ամեն վայրկյան կգնահատեմ այդ շնորհն այնքան ժամանակ, որքան ինձ տրված է»,- հայտարարել է նա: