«Դավիդյանց լաբորատորիաներ»-ն այն եզակի կենտրոններից մեկն է, որ իր այցելուին հնարավորություն է տալիս օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները հանձնել մեկ վայրում։ Այլ կերպ ասած աշխատում է «մեկ պատուհանի» սկզբունքով: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դավիդյանց լաբորատորիաներ»–ի տնօրեն Աշոտ Դավիդյանցը։ Նա նշեց, որ քաղցկեղի բարձրորակ ախտորոշման համար լաբորատորիան իրականացրել է 3 քայլ։

Նախ, այժմ լաբորատորիայում ներդրվում է մոլեկուլյար-գենետիկական ախտորոշման մեթոդը, որի  արդյունքում լաբորատորիան կունենա հետազոտությունների ամբողջ շրջափուլը ՝ ցիտոլոգիա (բջջաբանություն) - հիստոլոգիա (հյուսվածաբանություն) -իմունոգիստոքիմիա - ինսիտու հիբրիդիզացիա /ISH/ - ՊՇՌ (PCR)` մոլեկուլյար-գենետիկ ախտորոշում (1 քայլ):

Բացի այդ, ըստ տնօրենի, իրենք եւս 2 նորամուծություն են կատարել՝ ընդլայնել են հիստոլոգիական ծառայության կազմը՝ ախտաբաններին առանձնացնելով ըստ նեղ մասնագիտությունների (2 քայլ) եւ արտերկրից հրավիրված նեղ մասնագետի օգնությամբ արդիականացրել են իմունոհիստոքիմիական հետազոտությունը (3 քայլ)։

Այժմ լաբորատորիան իր պացիենտնեիին եւ բժիշկներին առաջարկում  միանգամից մի քանի պաթոլոգ-հյուսվածաբանի կարծիքներ։ Դա բերում է էլ ավելի որակյալ եւ մասնագիտացված մոտեցման՝ հետազոտվող նյութը ուսումնասիրվում է նվազագույնը երկու պաթոլոգ-հյուսվածաբանների կողմից, ինչը նվազեցնում է սխալվելու հավանականությունը: Ինչպես նաեւ դա բերում է մասնագիտացված մոտեցման՝ պաթոլոգներից մեկը մասնագիտանում է կրծքի քաղցկեղի ուղղությամբ, մյուսը՝ փափուկ եւ ոսկրային հյուսվածքների չարորակ ուռուցքների եւ այլն: Բացի կենտրոնում աշխատող բարձր որակավորում ունեցող նեղ մասնագիտացված ախտաբաններից, կան նաեւ կոնսուլտանտներ եւ Հայաստանից, եւ Արեւմտյան Եվրոպայից, եւ ԱՄՆ-ից։  Գործում է նաեւ թումոր բորդ  հավաքելու պրակտիկան, երբ բարդ դեպքերի պարագայում հրավիրվում են նաեւ այլ լաբորատորիաների ախտաբաններ։

Ըստ տնօրենի, ժամանակակից բժշկության պահանջներին այլեւս չի բավարարում ունիվերսալ պաթոլոգիայի մոտեցումները, երբ մեկ մասնագետը նայում է բոլոր պաթոլոգիաները։

«Եթե տարիներ առաջ ախտաանատոմիական դասակարգումն այնքան զարգացած չէր եւ սխալվելու հավանականությունը մեծ էր,  ապա հիմա դա արդեն անընդունելի է: Այսօր յուրաքանչյուր ցուցանիշ նշանակություն ունի քիմիոթերապիա նշանակելիս, այսինքն, պատկերավոր ասած, յուրաքանչյուր կողպեք իրեն ճշգրիտ համընկնող բանալի ունի: Ախտորոշողը պետք է պարզի տվյալ կողպեքի ձեւը, որ բուժող բժիշկը դրա համար ճշգրիտ բանալի պատրաստի»,- նշեց Աշոտ Դավիդյանցը:

Տնօրենը տեղեկացրեց, որ հունվարին  լաբորատորիա է հրավիրվել Լյուքսեմբուրգում աշխատող բարձր որակավորում ունեցող մասնագետ,  ով օգնել է ավելի արդիականացնել իմունոգիստոքիմիական հետազոտությունը: Նրա խորհուրդների եւ ժամանակակից նոր սարքերի շնորհիվ «Դավիդյանցում» իմունոգիստոքիմիական հետազոտություններն արդեն կատարվում են ոչ թե մանուալ, այլ կիսաավատոմատ եղանակով: Լաբորատորիան նաեւ մշտապես լրացնում է մարկերների կազմը՝ անկախ այն հանգամանքից, թե դրանք որքան հաճախ կարող են օգտագործվել:

«Մեր կրեդոն հետեւյալն է՝ մենք այն ծառայություններն ենք մատուցում, որոնք այսօր անհրաժեշտ են տվյալ հիվանդության ախտորոշման համար: Եթե անցյալում մոտ 60-70 մարկեր ունեինք, ապա այսօր՝ արդեն 90, եւ այս թիվն օրեցօր աճում է, չնայած բիզնես բաղադրիչին: Մենք հաշվի չենք առնում, որ ինչ-որ մի մարկեր մեզ կարող է հարկավոր լինել տարվա մեջ 3-4 անգամ: Եթե ինչ-որ բան հիվանդի առողջության համար անհրաժեշտ է, մենք այն ձեռք ենք բերում: Մենք կա՛մ պետք է ընդհանրապես այս ծառայություններից հրաժարվենք, կա՛մ այն մատուցենք ամբողջական ծավալով»,- ասաց նա:

Օրինակ՝ բոլորովին վերջերս լաբորատորիան հետազոտություն կատարելու համար ուղեղի գոյացությունից վերցված նյութ է  ստացել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016 թվականի որակավորման համաձայն՝  այս ուռուցքը  ստորաբաժանվում է ինչ-որ մարկերից կախյալ կամ ոչ կախյալ: Դա բավական եզակի մարկեր է, բայց «Դավիդյանցն» այն պատվիրել է՝ վերջնական ախտորոշում կատարելու համար, քանի որ դրանից կախված է ճիշտ բուժումը։

Աշոտ Դավիդյանցը նշեց, որ լաբորատորիայում մշտապես որակի ներքին վերահսկողություն է անցկացվում, բայց իրենք արտաքին վերահսկողության նպատակով պարբերաբար դիմում են նաեւ միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես՝ այս տարի լաբորատորիան NordiQC մեծ մոդուլ է ձեռք բերել ամբողջ տարվա համար: «Տարվա ընթացքում նրանց կուղարկենք մեր ապակիները՝ մեր աշխատանքը գնահատելու համար: Իդեպ, վերը նշված միջազգային կազմակերպության հետ առաջին տարին չէ, որ մենք աշխատում ենք : Նշեմ, որ «Դավիդյանց լաբորատորիաններն»-ը  հետսովետական շրջանի երկրներից առաջին լաբորատորիան էր, որը երկու տարի առաջ դիմել էր այդ ընկերության արտաքին վերահսկման ծրագրերին մասնակցելու համար»,- ասաց նա:

Անդրադառնալով երկրորդ կարծիքի ինստիտուտին՝ Աշոտ Դավիդյանցը նշեց, որ չնայած նրան, որ լաբորատորիան արդեն իսկ տրամադրում է մի քանի նեղ մասնագետի կարծիք, դա ճիշտ եւ անհրաժեշտ պրակտիկա է, եւ իրենք երբեք իրենց վատ չեն զգում, եթե հիվանդը որոշում է իր հետազոտությունները մեկ ուրիշ մասնագետի էլ ցույց տալ: «Այս հարցում գլխավորը ոչ թե մեր ամբիցիաներն են, այլ հիվանդը: Եվ եթե մենք սխալվենք, ինչը բժշկության մեջ պատահում է, պատրաստ ենք պատասխան տալ»,- ընդգծեց նա:

Տնօրենը նշեց, որ «Դավիդյանց լաբորատորիաները» պայմանագրեր ունեն  մի շարք հիվանդանոցների հետ, որոնց նյութի մշակման ու տեղափոխման համար հատուկ պատրաստուկներ եւ կոնտեյներներ է մատակարարում: Լաբորատորիան անմիջականորեն աշխատում է նաեւ բժիշկների եւ հիվանդների հետ: Աշոտ Դավիդյանցը հատուկ անդրադարձավ բուժող բժշկի եւ հիվանդի հետ պաթոլոգ-ախտաբանի հաղորդակցության հարցին, քանի որ հաճախ կարելի է բողոքներ լսել այն մասին, որ լաբորատորիայի հիստոլոգը անմիջաբար հիվանդների հետ չի խոսում, նրանց ախտորոշումը չի հայտնում: «Ախտաբանը հիվանդների հետ չի խոսում: Նա խոսում է կլինիկաբանի հետ: Մենք աշխատում ենք հանուն հիվանդի առողջության, սակայն բժշկի հետ: Մեզ հաճախ են ասում, թե՝ կուզեինք ձեր կարծիքը լսել, բայց դա բուժող բժշկի գործն է»,- նշեց նա:

Իր աշխատանքի ընթացքում «Դավիդյանց լաբորատորիաները» հիմնվում են ԱՀԿ-ի, մի շարք հայտնի ամերիկյան եւ եվրոպական ասոցիացիաների եւ ցանցերի կլինիկական ուղեցույցների վրա՝ հանուն բարձր որակ ապահովման եւ հիվանդի առողջության: