Հայերի շրջանում շատ են դեղերի արտադրության եւ որակի մասին տարածված առասպելները: Ամենատարածվածներից մեկն այն է, որ եվրոպական երկրների եւ ԱՄՆ համար արտադրվող դեղորայքն ավելի բարձրորակ է, արտադրվում է ավելի «լավ» գործարաններում, իսկ զարգացող երկրների համար դեղորայքն այնքան էլ լավ որակի չէ, քանի որ արտադրվում է «վատ» գործարաններում:

Նման կարծիքներն  իրականությանը չեն համապատասխանում, ասում է Ֆրանսիայի  Bayer Consumer Health ընկերության թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Խաչատուր Աբրոյանը: Նրա խոսքով՝ դեղագործական ոչ մի ընկերություն  նման բան չի անի.  ընկերության կողմից արտադրված  բոլոր դեղերը պետք է համապատասխանեն որշակի չափանիշների, լինեն նույն չափով արդյունավետ եւ անվտանգ՝ անկախ նրանից, որ երկիր են արտահանվելու:

Օրինակ՝ Ռենի դեղամիջոցը, ինչպես եւ շատ այլ դեղամիջոցներ, արտադրվում է Bayer Consumer Health-ի միայն մեկ գործարանում: Այդ պրեպարտի բոլոր հաբերը նույնն են, բայց փաթեթավորումը տարբերվում է. մակագրությունն այն երկրի լեզվով է, ուր պետք է արտահանվի:

Որոշ ընկերություններ տարբեր երկրներում տեղակայված մի քանի գործարաններ ունեն, քանի որ արտադրության ծավալը մեծ է եւ մեկ գործարանը կարող է չհասցնել արտադրել անհրաժեշտ քանակությունը: Մասնագետը նշում է, որ տեսականորեն տարբեր գործարնների կողմից արտադրված դեղերի միջեւ կարող է մի փոքր տարբերություն լինել, սակայն չի կարելի ասել, թե մի գործարանը տալիս է լավ արտադրանք՝ հարուստ երկրների, մյուսը՝ վատ արտադրանք՝ աղքատ երկրների համար: Նույն ընկերության տարբեր գործարաններն աշխատում են որակի նույն ստանդարտով, իսկ արտահանումը իրականցվում է այն գործարանից, որը աշխարհագրորեն մոտ է կոնկրետ երկրի:

«Դեղագործական մեծ ընկերությունների անունը որակի նշան է: Երբ մենք Մերսեդես ենք գնում, չենք հարցնում, որտեղ են արտադրվել նրա մասերը, քանի որ Մերսեդեսը մնում է Մերսեդես: Նույնն էլ դեղերի պարագայում է: Եթե դա հայտնի ընկերության արտադրանք է, մենք կարող ենք իմանալ, որ ընկերությունը պատասխանատու է իր արտադրանքի որակի համար եւ այն, թե ընկերության ո՞ր գործարանում է արտադրված, մեզ չպետք է հուզի»,- նշեց Խաչատուր Աբրոյանը: