«Երազի տուն» վերականգնողական կենտրոնի նոր շենքի պատերին փակցված են վառ նկարներ: Երբ անցնում ես հաստատության միջանցքներով եւ հայացքդ դարձնում սենյակներին, այնպիսի զգացողություն ես ունենում՝ կարծես արվեստի դպրոցում լինես, այլ ոչ թե մանկական ուղեղային կաթվածով (ՄՈՒԿ) երեխաների համար նախատեսված վերականգնողական կենտրոնում: Ամեն ինչ ի սկզբանե հենց այսպես էլ մտահղացվել էր, ասում է կենտրոնը հիմնադրած «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ղեկավար Նարինե Մանուկյանը. այս կենտրոնում ոչ մեկը չպետք է այնպիսի զգացողություն ունենա, որ եկել է հիվանդանոց կամ վերականգնողական կենտրոն, այստեղ պետք է հարմարավետ տան մթնոլորտ լինի, որտեղ ցանկանում ես հնարավորինս երկար մնալ:
«Այստեղ երեխաները կուրախանան, լավ ժամանակ կանցկացնեն, իսկ նրանց ծնողները կկարողանան հանգստանալ»,- նշեց Նարինե Մանուկյանը:
Բնականաբար, «Երազի տանը» երեխաները ոչ միայն կուրախանան. այստեղ նրանք նաեւ վերականգնողական բուժում կստանան, որը նրանց կյանքի որակը կբարելավի: Երեխաները կկարողանան արտ-թերապիայով, կինեզիթերապիայով զբաղվել, նրանց հետ հոգեբան, լոգոպեդ եւ մանկավարժ կաշխատի, նրանց տրամադրության տակ կլինեն նաեւ հատուկ լողավազանը, որի ջուրն ամեն օր մաքրվում է, եւ տրենաժորները: Իհարկե, այս ծառայությունների մեծ մասը նախկինում էլ էր Երեւանում հասանելի, սակայն ամբողջ խնդիրն այն էր, որ դրանք բժշկական տարբեր կենտրոններում էին գտնվում, եւ ծնողները ստիպված էին երեխաներին ամբողջ քաղաքով մեկ բժշկական մի գործողությունից մյուսին տանել:
«Երազի տունը» ՄՈՒԿ -ով երեխաների համար անհրաժեշտ ամեն ինչը հավաքել է մի տանիքի տակ. դա նրանց ծնողներին կօգնի շատ ժամանակ խնայել, որը կարելի է ծախսել աշխատանքի կամ այլ զբաղմունքի վրա: Ավելին՝ նոր կենտրոնում հետաքրքիր կլինի նաեւ իրենց՝ ծնողների համար. նրանք կարող են այստեղ շփվել, հանգստանալ, նրանց տրամադրության տակ եւս հոգեբան կլինի:
Զարուհի Մխիթարյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր 12-ամյա որդին, որը ՄՈՒԿ -ով է ծնվել, 6 ամսականից վերականգնողական բուժում է ստանում: Սակայն պետպատվերով հատուկ գործողություններ կարող է անցնել տարեկան միայն 2 անգամ, որն, իհարկե, բավարար չէ: Լրացուցիչ գործողությունների համար ՄՈՒԿ -ով երեխաների ընտանիքները ստիպված են վճարել, որը ոչ բոլորն են ի վիճակի անել: Իսկ «Երազի տանը» երեխաներին անհրաժեշտ բոլոր գործողություններն անվճար են:
Հիշեցնենք, որ ՄՈՒԿ-ով երեխաների «Երազի տուն» վերականգնողական կենտրոնը Երեւանում արդեն մի քանի տարի գործում էր: Ամեն տարի ՄՈՒԿ -ով մոտ 220 երեխաներ ամսական մի քանի անգամ այնտեղ տարբեր տեսակ բուժումներ էին ստանում, իսկ նրանց ծնողները՝ հոգեբանական օգնություն, գիտելիքներ եւ աջակցություն: Սակայն կենտրոնի շենքը շատ փոքր էր, ջրային բուժում անցկացնելու հնարավորություն չկար, դրանից բացի՝ հաստատությունը գտնվում էր բնակելի շենքի երկրորդ հարկում, եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին այնտեղ բարձրացնելը բավական դժվար էր: Իսկ ահա «Երազի տան» նոր շենքը, որը գտնվում է Հալաբյան 59 հասցեում, նախկինից շատ ավելի մեծ է, այստեղ անհրաժեշտ ամեն ինչ կա, այդ թվում, ինչպես արդեն նշեցինք, լողավազան:
Շենքը վերանորոգվել է մի շարք կազմակերպությունների եւ մասնավոր անձանց նվիրատվությունների շնորհիվ:

















