Ոսկրածուծի փոխպատվաստման համար անհրաժեշտ դեղորայքի հետ կապված խնդիր կար, փոքր քանակությամբ Հայաստան  բերելու հետ կապված, բայց հարցը կարծես լուծվում է, եւ մոտ ապագայում Հայաստանում առաջին փոխպատվաստումը կիրականացվի: Այս մասին  NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հետաձգվեց փետրվարի վերջին նախատեսված  փոխպատվաստումը:

Նա ավելացրեց, որ համաձայն  փոխպատվաստման  պատրաստվող հիվանդի բուժման  ուղեցույցի,  բուժզննություններ պետք է անցկացվեն տարբեր պրոֆիլայն հաստատություններում, բայց ոչ այն հիվանդանոցում, որտեղ պետք է տեղի ունենա փոխպատվաստումը:  Ներկայումս առաջին հիվանդը, որին ոսկրածուծ է փոխպատվաստվելու,  սրտի զննություն է անցնում  «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայում: Ստանալով մասնագետների եզրակացությունները՝  հնարավոր կլինի արդեն փոխպատավստումն անել:

Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին կայացած ասուլիսում Ծաղիկ Վարդանյանն ասել էր, որ Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման առաջին վիրահատությունը նախատեսվում է  անցկացնել փետրվարի վերջին:

Նա ասել էր , որ Արյունաբանական  կենտրոնի բարձր դոզային քիմիաթերապիայի եւ ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքն արդեն պատրաստ է։  Լիակատար պատրաստության համար դեռեւս պակասում են որոշ դեղամիջոցներ, որոնք պետք են փոխպատվաստումից հետո։ Դրանցից շատերը Հայաստանում գրանցված չեն եւ շատ թանկ արժեն։