«Աստղիկ» բժշկական կենտրոնում կիրառվում է օնկոլոգիական հիվանդությունների բուժման մուլտիդիսցիպլինար մոտեցում՝ լինի դա կրծքագեղձի, վերարտադրողական համակարգի օրգանների, որովայնի խոռոչի քաղցկեղ եւ այլն: Կոնկրետ հիվանդությունը բուժելիս մասնակցում են մի քանի օղակներ, վիրաբույժները համագործակցում են քիմիաթերապեւտների եւ ռադիոթերապեւտների հետ, հրավիրվում է, այսպես կոչված, Tumor Bord, նաեւ խորհրդակցություններ են անցկացվում արտասմանյան մասնագետներ հրավիրելով: Յուրաքանչյուր հիվանդի համար ուղեցույցների հիման վրա անհատական մոտեցում է մշակվում:
Նման համագործակցության վառ օրինակներից մեկը Կոլոպրոկտոլոգների հայկական ասոցիացիայի հերթական նիստն էր, որի ժամանակ Ասոցիացիայի նախագահ, «Աստղիկ» ԲԿ-ի պրոկտոլոգիայի բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Աղավելյանը եւ նույն ԲԿ-ի Օնկոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Ղազարյանը քննարկել են պրոկոտոլոգիական հիվանդությունների բուժման ուղեցույցների մշակման հարցերը, նաեւ կհաստ աղիի քաղցկեղի բուժման նոր մոտեցումները:
Ալեքսանդր Աղավելյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ պրոկտոլոգները մի շարք հարցեր ունեն, որոնք պետք է քննարկել եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունել, իսկ կարեւոր հարցերից մեկը ուղեցույցների ներդրումն է: Որոշում է ընդունվել հաստ աղիի ուռուցքների եւ ֆունկցիոնալ բորբոքումների բուժման ուղեցույցները ուռուցքաբանների եւ գաստրոէնթերոլոգների հետ համատեղ մշակել:
Գայանե Ղազարյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ աշխարհում մշտապես բժշկական տարբեր մասնագիտությունների ուղեցույցների թարմացում է կատարվում, սակայն ուռուցքաբանության ոլորտում թարմացումն ավելի արագ է ընթանում: «Ես դրան հետեւում եմ եւ պարբերաբար վիրաբույժներին տեղեկացնում այս ոլորտի նորությունների մասին, որպեսզի մենք կարողանանք միասնական մոտեցում մշակել: Ես ցույց տվեցի, թե կոլոռեկտալ քաղցկեղի բուժման ինչպիսի կանխատեսումներ կան: Քանի որ նույն ախտորոշմամբ հիվանդներ կան, որոնց բուժման մոտեցումն էլ նույնն է, բայց դրանք տարբեր պատասխան ունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ եւս մեկ կարեւոր հարց է այն, թե երբ է օնկոլոգիական հիվանդի բուժմանը միանում քիմիաթերապեւտը, իսկ երբ՝ վիրաբույժը: Նիստի ժամանակ վիրաբույժ պրոկտոլոգների միջեւ այս թեմայով քննարկում ծավալվեց:

Կոլոպրոկտոլոգ Ալեքսանդր Աբրահամյանը ներկայացրեց պրոկտոլոգիայի ասպարեզում կլինիկական ուղեցույցների մշակման վիճակը: Բժշկական այս մասնագիտության հատուկ հանձնաժողովի ստեղծումից հետո արդեն Առողջապահության նախարարության հաստատմանն է ուղարկվել 9 ուղեցույց, եւս 2 ուղեցույց մշակման փուլում է:






