Ամեն տարի շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով մինչեւ 5 տարեկան 1.7 մլն երեխա է մահանում: Այս մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:

Խոսքն օդի աղտոտվածության, պասիվ ծխելու, անորակ ջրի, սանիտարական միջոցների անբավարարության եւ սխալ հիգիենայի մասին է:

ԱՀԿ-ն մանկական մահացության հինգ գլխավոր պատճառ է առանձնացրել՝ կապված շրջակա միջավայրի վատ պայմանների հետ: Առաջին տեղում շնչառական հիվանդություններն են. դրանք 570 հազար երեխայի կյանք են խլում: Ավելի քան 360 հազար երեխա էլ մահանում է ստամոքսի խանգարումների հետեւանքով. պատճառն անորակ ջուրն է, վատ սանիտարական պայմաններն ու հիգիենան:

Շուրջ 270 հազար երեխա մահանում է կյանքի առաջին ամսվա ընթացքում: Եվս 200 հազար երեխա մահանում է մալարիայի հետեւանքով, նույնքան երեխաներ էլ՝ տարբեր վնասվածքներից եւ թունավորումներից՝ կապված շրջակա միջավայրի հետ: