ԱՄՆ-ում, ԵՄ-ում, Կանադայում եւ Ճապոնիայում գրանցված դեղերը պետք է ավտոմատ լիցենզիա ստանան նաեւ Հայաստանում: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքից առաջին ընտրական տարածքում պատգամավորի թեկնածու Մանե Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր գոյություն ունեն դեղերի շրջանառության հետ կապված բազմաթիվ արհեստական խոչընդոտներ եւ խնդիրներ: Արդյունքում՝ Հայաստանում դեղերի գներն ավելի բարձր են, քան հարեւան երկրներում, իսկ մեծ թվով կարեւոր դեղեր, որոնք պարբերաբար նշանակում են բժիշկները, անգամ գրանցված չեն:

Հայաստանում դեղերի գրանցումը եւ լիցենզավորումը բարդ եւ թանկարժեք գործընթաց է, եւ արտադրողներից ու ներմուծողներից շատերին ուղղակի ձեռնտու չէ դրա համար ժամանակ եւ փող ծախսելը: Մանե Թանդիլյանի կարծիքով՝ այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է Հայաստանում դեղերի գրանցումը պարզեցնել, իսկ մի շարք զարգացած երկրներում գրանցված դեղերը, որտեղ դրանք հաստատապես անցնում են բոլոր անհրաժեշտ ստուգումներն ու թեստավորումը, ավտոմատ գրանցել նաեւ Հայաստանում:

Թանդիլյանի կարծիքով՝ այս ամենը կօգնի նվազեցնել դեղերի գինը: Ավելին՝ հայկական շուկայում վերջապես դեղեր կհայտնվեն, որոնք այսքան ժամանակ չեն եղել չգրանցված լինելու պատճառով:

«Ելք» դաշինքի անդամները նաեւ առաջարկում են Հայաստանում արտադրվող եւ վաճառվող բոլոր դեղերի համար ԱԱՀ-ն հանել, սա նույնպես կօգնի նվազեցնել դեղերի գինը: Նշենք, որ հարեւան Վրաստանում դեղերն այսօրվա դրությամբ ավելի էժան են, քան Հայաստանում, այդ պատճառով շատերն իրենց անհրաժեշտ դեղերը բերում են հենց այնտեղից, եթե անգամ այդ դեղերը Հայաստանում կան:

«Դեղերը պետք է մարդկանց համար մատչելի լինեն, քանի որ դրանց կարիքն ունեն առողջական խնդիրներով խոցելի մարդիկ»,- նշեց Թանդիլյանը: