Մոսկվայի մարզում թռչնի գրիպի բռնկում՝ H5 ենթատեսակի A գրիպի շտամ է գրանցվել: Ինֆեկցիայի օջախը հայտնաբերվել է թռչնաբուծական 2 ֆաբրիկաներում՝ Շչելկովի եւ Սերգիեւո-Պոսադսկի շրջաններում: Այս տեղեկությունը հաստատել են «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները:

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ վիրուսը փոխանցողները հիմնականում վայրի բադերն ու սագերն են, սակայն գրիպի այս տեսակով վարակվել են տնային թռչունների գրեթե բոլոր տեսակները: Վարակվելուց հետո թռչունների ողջ մնալու հավանականությունը նվազագույն է: Ըստ որում՝ վիրուսն արագ մուտացիայի է ենթարկվում եւ փոխվում, ուստի մեծ է հավանականությունը, որ եթե նրա շտամներից մեկը վերազուգակցվի մարդու գրիպի վիրուսին, կարող է առաջանալ ինֆեկցիան մարդուց մարդուն փոխանցելու վտանգ:

«Ռոսպոտրեբնադզորի» հաղորդման համաձայն՝ օջախի գոտում անցկացվում են կանխարգելող եւ հակահամաճարակային բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ ուղղված մարդկանց վարակման հավանականության նվազեցմանը: Ամենօրյա բժշկական հսկողություն է սահմանվել այն անձանց նկատմամբ, ովքեր շփվել են թռչունների հետ, անցկացվում են թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակիցներից վերցված նյութի լաբորատոր հետազոտություններ: Սահմանվել նաեւ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի, սատկած թռչունների ոչնչացման, ախտահանման միջոցառումների անցկացման վերահսկողություն:

Հիշեցնենք, որ մարդը կարող է թռչնի գրիպով վարակվել հիվանդացած կենդանի կամ սատկած թռչնի հետ սերտ շփման դեպքում, ինչպես նաեւ ջրի միջոցով, որի մեջ հայտնվել է հիվանդ առանձնյակների արտաթորանքը: Վարակման ինկուբացիոն շրջանը տջեւում է 8 օր, սակայն երբեմն տեւում է 17 օր: Գրիպն սկսվում է ուժեղ դողով, ջերմության բարձրացմամբ, մկանային եւ գլխացավերով, կոկորդի ցավով: Վիճակն արագ վատթարանում է: 2-3 օր հետո խոնավ հազ է սկսվում, հաճախ արյան խառնուրդով, հեւոց է առաջանում: Երբեմն շնչարգելություն է նկատվում, լյարդի, երիկամների եւ ուղեղի ախտահարում: